Razm.info-ն գրում է.

Հուլիսի 4-ին Ադրբեջանի բանակի կողմից Արցախի հայկական դիրքերին կրակելու ՊԲ հրապարակումից հետո ադրբեջանական կողմը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, թե Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական, ևս մեկը վիրավորվել է։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Ինչպես գրում է  razm.info-ն,  երևում է, որ ադրբեջանական Ալխանլի գյուղի դիրքից և Google Maps առցանց քարտեզից, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները դիրքավորված են գյուղի հարևանությամբ, իսկ տեղ-տեղ նաև գյուղի մեջ՝ բնակելի տների կողքին։

Ավելին, Պաշտպանության բանակն իր ավելի ուշ հրապարակած հաղորդագրության մեջ նշում է, որ ադրբեջանական կողմը հուլիսի 4-ի առավոտյան ժամերից ականանետային կրակ է վարել հայկական դիրքերի ուղղությամբ։ Եվ միայն այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը հենց Ալխանլի գյուղի կրակակետերից ՊԲ զորամասի հրամանատարական կետի ուղղությամբ կրակել է TR-107 կայաններով, հայկական կողմը պատասխան հարված է հասցրել, ինչի «արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին»։

Հատուկ շեշտենք, որ քարտեզ կազմված է դեռևս 2012 թվականի արբանյակային լուսանկարներից, հետևաբար ադրբեջանական դիրքերի և խրամատների տեսքը ներկայում կարող է և փոխված լինել։

 

Հատկանշական է, որ նույն ուղղությամբ ադրբեջանական բանակը սադրանքների է դիմել նաև նախկինում։ Օրինակ՝ նման սադրանքներից մեկից հետո Ալխանլի գյուղի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական հենակետերի նկատմամբ հայկական զինուժը պատժիչ գործողություններ է իրականացրել 2015 թվականին։ Այդ գործողության տեսագրությունը նախկինում հրապարակվել էր ու մեկ անգամ ևս ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը։

Ավելացնենք, որ հուլիսի 4-ի երեկոյան Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ նույն օրն ադրբեջանական կողմը հայկական դիրքերի ուղղությամբ կրակել է TR-107 համազարկային կրակի ռեակտիվ կայաններով, ականանետներով և նռնականետներով։

Հայկական կողմը կրակոցների հետևանքով կորուստներ չի ունեցել։ Ավելի ուշ Պաշտպանության բանակը պատասխան հարվածներ է հասցրել թշնամու դիրքերի ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել