- Ի՞նչ է տաղանդը,- հարցրի մի անգամ Մհեր Մկրտչյանին:
- Հիվանդություն,- կարճ պատասխանեց նա:
- Իսկ հնարավո՞ր է, որ մարդ լինի տաղանդավոր, բայց տաղանդը մինչև նրա մեռնելը այդպես էլ չարտահայտվի, չդրսևորվի:
- Չէ: Եթե մի տեղից դուրս չգա, երեսին ցանի պես դուրս կտա: Հետո էդ, որ ասում են «տաղանդը պարգև է, բան…», չէ, տաղանդը բեռ է, պարտավորություն, պատասխանատվություն, «աբիզալովկա»: Պիտի անես: Հանգիստ չկա:
Մհեր Մկրտչյանը՝ սիրո մասին
- Ինչին է մարդ սիրահարվում, երբ սիրում է մեկին,- մի օր անկապ հարցրի նրան,- ի՞նչն ենք մենք սիրում ուրիշի մեջ:
- Թերությունները: Բարությունը, ազնվությունը, խիղճը գնանատելի արժեքներ են: Սիրած մարդու մեջ թերություններն են սիրում: Սիրած մարդը քեզ համար եզակի մարդ է, իսկ նրան այդպիսին դարձնում է հենց էն թերությունը, որը դու սիրում ես նրա մեջ ու չգիտես, թե ինչի:
- Իսկ արտաքինը, մարմինը, գեղեցկությունը կապ չունե՞ն:
- Չէ,- ասաց նա,- երբ մեկի հետ քնում ես, բնավորության հետ ես քնում:
(Անահիտ Սղասարյանի հարցազրույցից)
Ինչպիսի՞ն էր Մհեր Մկրտչյանը կադրից դուրս, կուլիսների հետևում: Արխիվային նյութերի, հարցազրույցների, ձայնագրությունների ուսումնասիրության արդյունքում ստեղծվել է «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» վավերագրական ֆիլմը:
Ֆիլմը ներկայացնում է թատրոնում ու կինոյում մեծ Արտիստի անցած ուղին, մատնանշում արտիստի ձեռքբերումները, ներկայացնում նրա ասելիքը մարդկանց, բնության, հավերժության մասին, նրա խոհերը, մտորումները, տագնապները, հորդորները:
Ֆիլմի հիմնական ասելիքը Մհեր Մկրտչյանի խոսքն է` վերածնված հարցազրույցներից, տպագիր նյութերից, լայն հասարակայնությանն անծանոթ հազվագյուտ ձայնագրություններից:
Արտիստի խոսքի մի մասը ներկայացվում է լեյտմոտիվով` իր լուսանկարով, մեծամասամբ՝ կադրերի համադրությամբ: Ֆիլմերից հատվածների ներկայացման լեյտմոտիվը կառքով գնալու կադրերն են:
Ֆիլմում Մհեր Մկրտչյան արտիստը ներկայանում է և’ որպես կոմիկ, և’ որպես ողբերգակ՝ երկուսն էլ հավասարապես հոգեհարազատ իրեն, կերպարները՝ համոզիչ, տիպական, հյութեղ ու կատարյալ:
Մեծ կարևորություն է տրված և հատկապես շեշտված Արտիստի հաջողությունների բանալին հանդիսացող դերի պատրաստման նրա կերպը` մեծ պատասխանատվությունը հանդեպ հանդիսատեսը, որը նրան դրդում էր իմպրովիզացիաների միջոցով անընդհատ կատարելագործել իր մարմնավորած կերպարները, դրանք դարձնել հանդիսատեսին ավելի սիրելի ու հոգեհարազատ:
Մհեր Մկրտչյանը որքան սիրելի և ընդունելի էր կինոյում, նույնքան էլ կամ գուցե ավելի շատ ընդունելի էր որպես թատրոնի դերասան: Ուստի ֆիլմում Մկրտչյանը ներկայանում է նաև որպես հայ բեմի երախտավոր` իր մեկնությունները կան ընդհանրապես թատերական արվեստի և մասնավորաբար իր մարմնավորած կերպարների մասին: Հատվածներ կան «Պաղտասար աղբար» և «Հացթուխի կինը» ներկայացումներից:



