Վերջին շրջանում բավականին ակտիվացել են տարբեր ասեկոսեներն ու շահարկումներն այն մասին, թե պաշտպանության նախարար է նշանակվելու ներկայիս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն, ու ինչ լավ կլիներ դա։ Ես վստահ եմ, որ լավ ոստիկանապետը չի կարող լավ պաշտպանության նախարար լինել, բայց մինչ բացատրելը, թե ինչո՞ւ, մի երկու բառ ասեմ:
Ես անկեղծորեն եթե չասեմ հիացած եմ, ապա խորը գոհունակություն ունեմ Վլադիմիր Գասպարյանի գործունեության նկատմամբ, որը նա ծավալել է ոստիկանապետի պաշտոնում, որովհետև ակնհայտ է, որ ռեֆորմները աշխատում են, ու ոստիկանության դեմքը փոխվում է, չնայած որ դեռ շատ անելիք կա։ Պետք է նաև ասեմ, որ որպես Ռազմական ոստիկանության պետ ևս մեծ ձեռքբերումներ են եղել, ինչը կարելի է տեսնել պարզ համեմատության ու ստատիստիկայի վերլուծությամբ. ՌՈ-ի ստեղծումից ի վեր զինվորական հանցագործությունների ցուցանիշը, հատկապես ծանր հանցագործություններինը ստաբիլ նվազել է։ Ասել կուզի՝ ես ոչ մի խնդիր չունեմ Գասպարյանի հետ, ավելին, համարում եմ, որ որպես ոստիկանապետ նրա գործունեության արդյունավետությունը աննախադեպ է Հայաստանի անկախության մեջ։
Իսկ հիմա ըստ էության. ոստիկանությունն ու բանակը ուժային կառույցներ են, բայց ունեն սկզբունքորեն տարբեր գործառույթներ և պահանջում են սկզբունքորեն տարբեր մոտեցումներ՝ ղեկավարման հարցում։ Ոստիկանությունը պատժիչ-կանխարգելիչ մարմին է, որի թիրախային խումբը հանցագործներ են, իսկ բանակն ունի պաշտպանական գործառույթ, որի հիմնական թիրախը արտաքին թշնամին է։ Բանակում ամեն ինչ կառուցվում է պարտքի ու կարգապահության սկզբունքի շուրջ, իսկ ոստիկանությունում՝ պարտքի ու պատժի անխուսափելիության։
Սկզբունքային եմ համարում, որ բանակը ղեկավարվի կոմպետենտ մարդկանց կողմից, ովքեր իրենք են աճել բանակում ու բանակի մասն են, այսինքն՝ կադրային զինվորականների, ովքեր, սկսելով ստորին օղակից, հասնում են վերին օղակներ։ Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ բանակը փակ կաստա է, որտեղ շատ ուժեղ է գործում կորպորատիվ էթիկան ու յուրայնության սկզբունքը. դրսից մարդկանց լավագույն դեպքում կասկածամտությամբ են վերաբերվում ու դժվար են մերվում։ Բացի դրանից, ոստիկանական մեթոդները չեն աշխատում բանակում, իսկ եթե աշխատում էլ են, ապա վնասում են բանակի ոգուն, որովհետև զինվորը ոչ թե պետք է վախենալուց ելնելով լավ ծառայի, այլ պարտքի ու կարգապահության զգացումներից, իսկ այն, որ Գասպարյանի աշխատող մեթոդները, որոնք կիրառական են եղել ՌՈ-ում ու Ոստիկանությունում, չեն աշխատի բանակում, համոզված եմ՝ ելնելով անձնական փորձիցս, ու ասածիս հետ կհամաձայնվի ցանկացած ոք, ում «բախտ է» վիճակվել թեկուզ մի քանի օրով հայտնվել Ռազմական ոստիկանությունում։
Իզուր չեն ասում, որ Կեսարին՝ Կեսարինը... Սեյրան Օհանյանին անձամբ ես համարում եմ մեր բոլոր պաշտպանության նախարարներից լավագույնը, ինչպես իր մարդկային, այնպես էլ մասնագիտական որակներով և ոչ մի պատճառ չեմ տեսնում, որպեսզի իրեն փոխարինեն, թեկուզ լավագույն ոստիկանապետով։ Ի դեպ, նույն կերպ էլ ոչ մի պատճառ չեմ տեսնում, որպեսզի Վլադիմիր Գասպարյանը փոխարինվի ոստիկանապետի պաշտոնում։
Այնպես որ, պետք չի ավելորդ շահարկումներ անել և հեծանիվներ հայտնագործել։ Ըստ իս, ամեն ինչ ու ամեն ոք իրենց տեղերում են այնքանով, որքանով որ պետք է ուժային մեխանիզմի կանոնավոր աշխատանքն ապահովելու և եղած թերությունները շտկելու համար։



