Երեկ մամուլում տարածվեց տեղեկատվություն, որ Սոֆի Մխեյանն ու «Հայաստանի ձայնը» նախագծի ֆինալիստ Նարեկ Մակարյանը պատրաստվում են նշանադրվել: Այս լուրը մեծ տարածում գտավ, չնայած այն հանգամանքին, որ երեկ Ապրիլի 1-ն էր ու հնարավոր է, դա կատակ լիներ:

Այս մասին գրառում կատարեց նույնիսկ թատերագետ Լևոն Մութաֆյանը, գրելով. ««Հայաստանի ձայնում» հաղթեց Սոֆի Մխեյանը: Ի դեմս Մակարյան Նարեկի՝ ունեցավ ապագա ամուսին... Պուգաչովայի «մոդելը» հայ երգչուհիներին հանգիստ չի տալիս...»: Լուրը ձնագնդիի էֆեկտով մեծ թափով տարածվեց ու հայտնվեցին Նարեկի և Սոֆիի նշանադրության առաջին մանրամասները:)

 

 

Այսօր esyes.am-ը թեման պարզաբանեց Սոֆիի և Նարեկի հետ: Իր և մարզչի սիրո և նշանադրության մասին Նարեկը բազմանշանակ պատասխան տվեց. «Այդ լուրը շատ լայն տարածում գտավ: Ոչ իմ, ոչ Սոֆիի հետ չէին խոսել այդ թեմայով, մեզ համար էլ էր անակնկալ: Ես և Սոֆին շատ լավ ընկերական հարաբերություններ ունենք, սակայն չի բացառվում, որ կարող է նման բան լինել:) Ես հիմա կատակ եմ անում, թեև ամեն կատակի մեջ կա ինչ-որ ճշմարտություն: Նման բան դեռևս չկա, սակայն մեկ էլ տեսար…,- ասաց Նարեկը, իսկ երբ հարցրի` այս պահին իր սիրտը զբաղվա՞ծ է, հետևյալն ասաց,- եթե Սոֆին զբաղեցներ, էդ դեպքում հա, եթե չէ, չէ:) Իրականում ես և Սոֆին լավ ընկերներ ենք, դեռևս…:)»:

 

 

Այս մասին զրուցեցինք նաև Սոֆիի հետ, ում կարծիքով իր և Նարեկի նշանադրության մասին լուրը անհաջող կատակ է: «Չի կարելի ամեն ինչ այդքան լուրջ ընդունել ու այդպես քննարկել»,- ասաց Սոֆին: Հարկ է նշել, որ երեկ մամուլում մի շարք ապրիլմեկյան կատակներ հայտնվեցին, սակայն ամենալուրջն ընդունվել էր հենց Սոֆիի և Նարեկի նշանադրության մասին լուրը: Որոշ օգտատերեր արդեն զարգացումներ էին կանխատեսում այս զույգի հարաբերությունների համար, ինչն, ըստ Սոֆիի, պայմանավորված է այն փաստով, որ «Հայաստանի ձայնի» եզրափակիչն ընդամենը 2 օր առաջ էր, որի ժամանակ իր և Նարեկի զուգերգը շատ զգացմունքային և տպավորիչ է եղել. «Կարծում եմ՝ այնքան հզոր էր, ստացված ու անկեղծ, որ այդ լուրի վրա ավելի շատ ֆիքսվեցին: Սա խոսում է այն մասին, որ մարդիկ հետևել են և այդ անկեղծությունն ու ջերմությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Կարծում եմ, եթե մենք չերգեինք այդ զուգերգը, հնարավոր է կատակն այլ ուղղություն ստանար, սակայն այդ ամենից հետո չէր կարող այդպիսի արձագանք չլինել: Թեև,  կարծում եմ, ավելի լավ կլիներ, որ ինձ ու Նարեկին շնորհավորեին մեր հաղթանակի համար: Լավ իմաստով հաղթանակի` այն առումով, որ այդքան լավ ներկայացանք»:

 

 

Սոֆիից հետաքրքրվեցինք նաև՝ արդյո՞ք ինքն ու Նարեկը նախագծից դուրս կհամագործակցեն: Սոֆին նշեց, որ անակնկալներ սպասվում են, և համագործակցություն հաստատ կլինի, սակայն այս պահին դեռ չի ցանկանում բացել փակագծերը:

Երգչուհին անդրադարձավ նաև այն քննադատություններին, որ հնչում էին իր հասցեին նախագծի սկզբում. «Նախ ուզում եմ ասել, որ սրտանց շնորհավորում եմ Մաշային հաղթանակի կապակցությամբ: Ինքն իսկապես շատ արժանի մասնակից էր, և ես շատ ուրախ եմ իր համար: Միաժամանակ ուզում եմ նշել, որ Նարեկի հաջողությունը շատ մեծ հաղթանակ էր մեզ համար: Ինձ համար հաղթանակ է այն, որ շատերի դեպքում ի սկզբանե չհավատալով իմ ներկայությանը ժյուրիի կազմում, վերջում հազարավոր մարդիկ հաճոյախոսում էին ու տոնում Նարեկի հաղթանակը` արժանի, հզոր երկրորդ հորիզոնական: Ընդամենը 6 ամիս առաջ ոչ ոք չէր պատկերացնում` ինչ կլինի: Ներեցեք անհամեստության համար, բայց ես սա համարում եմ իմ ու Նարեկի երկար և տքնաջան աշխատանքի արդյունքը, ինչի համար ես հպարտորեն կարող եմ ուրախանալ և բարձրաձայնել այդ մասին: Նրանք բացահայտեցին Նարեկին՝ որպես հզոր և լավ մասնակցի, ով կարող էր լինել նաև Հայաստանի ձայնը, այդ ամենից ելնելով ես դա համարում եմ իմ հաղթանակը:

 

 

Չգիտես ինչու հիմա մամուլը լռում է այն քննադատությունների մասին, որ հնչում էին նախագծի սկզբում իմ` ժյուրիի անդամ լինելու վերաբերյալ: Այն մամուլը, որ 6 ամիս առաջ գրում էր` ինչու՞ պետք է այսպես լինի, ի՞նչ պետք է նա անի, այսօր լուռ է: Գիտեք, այնքան հեշտ է մի բանը վերցնել ու կոտրել, այն դեպքում, երբ իրենք քարը քարին չեն դրել: Ու՞ր են այդ քննադատներն այսօր, որ փաստեն այն հաջողությունը, որը գրանցեցինք, այն շնորհավորանքները, որ ստանում ենք, այն դրական խոսքերը, որ գրում են բազմաթիվ օգտատերեր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել