Հունիսի 30-ին բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսված դատավարությունը, ինչպես և սպասվում էր, տրագիկոմեդիա է հիշեցնում: Նախ՝ դատավարության առաջին օրը Լապշինին հարցրել են, թե ում է պատկանում Արցախը: Զարմանալի կլիներ, եթե Լապշինը Արցախը ճանաչեր որպես անկախ երկիր: Հաջորդ իսկ օրը ադրբեջանական ԶԼՄ-ները կտարածեին Լապշինի հանկարծամահ լինելու գուժը: Իսկ այսօրվա դատավարության ժամանակ որպես վկաներ դատարանում ցուցմունքներ են տվել փախստականներ Էյուբ Աբդուլազիմովը և Ֆահրադին Սաֆարովը: Հատկանշական է, որ ազերիական ԶԼՄ-ները բացարձակ չեն պարզաբանում, թե այդ անձինք ինչ ցուցմունքներ են տվել Լապշինի դեմ: Չեն հրապարակում, քանի որ օտարալեզու ընթերցողի համար լիովին պարզ կլինի այդ դատավարության ֆարսը: Չեմ կասկածում, որ վերը նշված ցուցմունք տվողները դատարանում նվնվացել են և բողոքել են հայերից, ովքեր օկուպացրել են իրենց տարածքները, իսկ Լապշինն էլ այցելել է այդ տարածքներ ու վնասել է Աբդուլազիմովին և Սաֆարովին: Այսինքն, որպեսզի Լապշինի հանցանքը բացահայտեն, որ վերջինս, այսպես կոչված, օկուպացված տարածքներ է այցելել, վկաների են բերում դատարան: Այս ամենն արդեն ոչ թե ֆարս է, այլ տրագիկոմեդիա:
Հաջորդ դատական նիստին էլ, որը տեղի է ունենալու հուլիսի 6-ին, հավանաբար մի ասկյարի կբերեն, որը ցուցմունք կտա Լապշինի դեմ ու կմեղադրի վերջինիս իրենց վրա կրակելու մեջ: Ինչ կա ո՞ր: Ալիևյան դատական համակարգից ինչ ասես կարելի է սպասել:
Եթե հետևենք ազերիների տրամաբանությանը, ուրեմն՝ մենք էլ կարող ենք Բաքուն հայտարարել ազերիների կողմից օկուպացված տարածք, քանի որ 1990 թ․-ի դրությամբ Ադրբեջանի մայրաքաղաքում 250 հազարից ավել հայեր են ապրել, ու ով այցելի Բաքու, մեղադրենք նրանց օկուպացված տարածքներ այցելելու մեջ իր բոլոր հետևանքներով:
Հ.Գ. Հուլիսի 6-ի դատական նիստին ելույթ է ունենալու Լապշինի մայրը, որին ազերիները մի լավ կնվաստացնեն: Իլհամ Ալիևը Լապշինի նկատմամբ հաշվեհարդար է տեսնում ոչ թե Արցախ այցելելու, այլ իրեն հեգնելու և վիրավորելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել