Հաշվի առնելով վերջին շրջանում պարբերաբար ուժեղ քամիների հետևանքով արձանագրվող տանիքների պոկվելու դեպքերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և ուսումնասիրել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև համայնքային ենթակայության կառույցների տանիքներն ու քայլեր ձեռնարկել դրանց լրացուցիչ ամրացման ուղղությամբ:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Հատկապես վերջին տարիներին ամռան ամիսներին պարբերաբար արձանագրվում են ուժեղ քամիներ, ինչը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում, այդ թվում նաև` տանիքների հետ կապված: Ուժեղ քամիների պատճառով վտանգավոր իրավիճակներից խուսափելու համար ուսումնասիրեք և համապատասխան քայլեր ձեռնարկեք բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև համայնքային ենթակայության շինությունների տանիքների՝ վտանգ ներկայացնող հատվածների ամրացման ուղղությամբ: Մեր լիազորությունների շրջանակում մենք պետք է ձեռնարկենք անհրաժեշտ բոլոր քայլերն ու մեր հնարավորության սահմաններում բացառենք անցանկալի հետևանքները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել