Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ICHD) հրավերով այս շաբաթվա ընթացքում որպես սեղանավար մասնակցեցի ՀՀ ԶՈւ հետագա զարգացման տարբեր սցենարների, այդ թվում՝ «Պատիվ ունեմ» և «Ես եմ» նախագծերի հանրային քննարկումներին Հայաստանի տարբեր քաղաքներում։ Քննարկումները դեռ շարունակվելու են, եւ ես չեմ ուզում առաջ ընկնել կազմակերպիչներից՝ դրանք ամփոփելու առումով։ Սակայն ուզում եմ կիսվել որոշ նկատառումներով.
- Անվտանգության մասին պատկերացումները խիստ տատանվում են սահմանամերձ եւ համեմատաբար «թիկունքային» համայնքներում։ Հետեւաբար, տարբեր է նաեւ վերաբերմունքը զինվորական համազգեստով մարդու եւ զինծառայության նկատմամբ ընդհանրապես։ Այս տարբերությունը զգացել եմ անձամբ ինձ վրա տարիներ շարունակ, եւ համարում եմ դա լուրջ խնդիր։ Երկիրը սկսվում ու ավարտվում է սահմանով, եւ ոչ Օպերայով, Հյուսիսային պողոտայով կամ Հրապարակով։
- Որպես նախորդի շարունակություն՝ մենք տարբեր ձեւ ենք ընկալում «անվտանգություն» ասածը՝ վերացական-տեսականից միջեւ խիստ առօրյա-առարկայական։
- Գրեթե բոլորն ընդունում են, որ ներկայիս ՀՀ ԶՈւ անձնակազմի համալրման եւ զորակոչի համակարգը վերանայման անհրաժեշտություն ունի եւ չի համապատասխանում առկա մարտահրավերներին։
- Երիտասարդության զգալի մասը չունի երազանք եւ հստակ պատկերացում, ինչ է ուզում դառնալ եւ ինչով զբաղվել։
- Անվտանգության խնդիրներն անբաժանելի են սոցիալական, կրթական եւ այլ խնդիրներից, եւ միայն ՊՆ ջանքերը բավարար չեն առաջ շարժվելու համար։
- Հասարակությունը սպասում է այնպիսի այլընտրանքի, երբ հարաբերությունները պետության եւ ԶՈւ-ի միայն միակողմանի չեն՝ իբրև Հայրենիքի հանդեպ պարտքի հատուցում, այլ փոխադարձ են եւ փոխշահավետ։
- Հակառակ տարածված կարծրատիպի՝ ընդհանուր առմամբ մենք լավատես ենք նույնիսկ ոչ բավարար հիմքերի առկայության դեպքերում։
- Մենք իրոք խելացի ու կրեատիվ ազգ ենք եւ իվիճակի ենք ոչ միայն քննադատորեն ընկալել իրականությունը եւ անել հետաքրքիր հարցադրումներ, այլ նաեւ առաջարկել անսպասելի լուծումներ։
Արել եմ այլ՝ առարկայական ու կոնկրետ նախագծերին վերաբերող եզրակացություններ, բայց դրանք հետո եւ այլ հարթակներում։
Շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Կարծում եմ՝ այս փորձն անգնահատելի կլինի նախագծերի պառլամենտական լսումների ընթացքում եւս։