Panorama.am-ը գրում է.
Իսրայելցի հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկին Արցախ այցից հետ հայտնվել է Ադրբեջանի սև ցուցակում։
«Ինձ համար հրեշավոր էր, որ Արցախ այցիցս հետո Ադրբեջանի ինչ-որ սև ցուցակներում եմ հայտնվում, ինչու՞։ Այն որ մարդը բարի կամքով այցելում է Արցախ, խոսում է այնտեղի մշակութային, կրթության բարձր մակարդակի ու լավ ընդունելության մասին, Ադրբեջանում «Պերսոնա նոն գրատա» է ճանաչվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ավիգդոր Էսկին՝ կիսվելով Հայաստանից և Արցախից ստացած իր տպավորություններով։
Նա պատմեց, որ Հայաստանում երկրորդ անգամ է և հույս ունի, որ սա վերջինը չէ։ Ինչ վերաբերում է Արցախ այցին՝ իսրայելցի քաղաքագետն ասաց. «Արցախում ինձ ընդունեցին հրաշալի մթնոլորտում, կարծես հանդիպում լիներ հին ընկերների հետ։ Փողոցում, սրճարաններում, ուր որ գանցել եմ, զրուցել եմ մարդկանց հետ։ Մարդիկ այնտեղ շատ հավաք են, հանգիստ, ժպիտը դեմքներին, վաղվա օրվա հավատով, հյուրընկալ, բարին կամեցող։ Ինչ տեսել եմ, դրա մասին էլ խոսելու եմ՝ անկախ հետևանքներից։ Շնորհակալ եմ այդ ընդունելության համար»։
Ավիգդոր Էսկինի խոսքով՝ իր այցն Արցախ ավելի շատ ուսուցողական էր։
«Բոլորն ինձ հարցնում են, իսկ ի՞նչ եմ մտածում այն մասին, թե ինչ պետք է անել Արցախում։ Ինչու՞ պետք է ես ինչ որ բան մտածեմ ընդամենը երկու օր անց։ Լուրջ որոշումներ առաջարկելու համար պետք է այնտեղ որոշ ժամանակ ապրել, սովորել, զգալ, հասկանալ։ Մենք Իսրայելում չենք սիրում, երբ գալիս են և ասում են, դուք պետք է լուծեք ձեր հակամարտությունն այսպես կամ այնպես։ Դուք գիտեք, որ ինչպես Հայաստանն, այնպես էլ Իսրայելը գտնվում են հակամարտության մեջ։ Երբ մարդիկ են գալիս, որոնք ոչինչ չգիտեն, ոչ քարտեզ, ոչ սահմաններ, և առաջարկություններ են անում, դա սխալ է։ Չեմ ուզում հայտնվել այդ իրավիճակում։ Ես եկել եմ սովորելու, այլ ոչ թե սովորեցնելու ինչ-որ մեկին։ Ես գիտեմ, որ հայերի մեջ կան տարբեր կարծիքներ, թե ինչպես պետք է լուծել այդ հակամարտությունը, իրավականորեն, գործնականորեն, ես դեռ ոչինչ չեմ կարող ասել այդ թեմայով»,- մանրամասնեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



