Երևի թե կենդանիների մասին խոսելիս գրեթե բոլորի վերաբերմունքը շնաձկների հանդեպ բացասական է։ Բայց արդյոք նրանք այդքան վտանգավո՞ր են։ Պարզվում է՝ շատ անգամներ են եղել, որ այդ «վտանգավոր» կենդանիները թեկուզ ակամա, բայց փրկել են մարդկանց կյանքը։

Շնաձկան կողմից հարձակման ենթարկվելը հետագայում սովորաբար վատ հիշողություններ է առաջացնում։ Բայց Եվգեն Ֆիննի համար այդպես չէ, դեռ մի բան էլ նա շնորհակալ է հարձակման ենթարկվելու համար։

2015 թվականին, երբ Եվգենն իր դստեր հետ զբոսնում էր Կալիֆոռնիայի ծովափերից մեկում, հանկարծակի ցավ զգաց ոտքի շրջանում։ Միայն 24 ժամ անց նա հասկացավ, որ ոտքի վրա առաջացած մոտավորապես 30սմ երկարությամբ վերքի պատճառը սպիտակ շնաձուկն էր, որը գրեթե աննկատ հարձակվել էր նրա վրա։

Հիվանդանոց տեղափոխվելուց և բազմաթիվ հետազոտությունների ենթարկվելուց հետո պարզվեց, որ նրա երիկամի վրա չարորակ ուռուցք է գոյանում։ Եվգենի մոտ երիկամի քաղցկեղ էր սկսել զարգանալ։ Բարեբախտաբար, այն հայտնաբերվեց վաղ շրջանում, և հիմա նա շատ լավ է իրեն զգում։

Եթե շնաձուկը հարձակվելով «չնախազգուշացներ» մահացու հիվանդության մասին, ապա միգուցե Եվգենն այսօր կենդանի չլիներ։ Հարցազրույցներից մեկի ժամանակ նա նշել է, որ շատ կցանկանար կրկին հանդիպել այդ շնաձկանը, որպեսզի գրկի ու շնորհակալություն հայտնի նրան։

Հակառակ շատերին՝ սուզորդ Ռիք Անդերսոնը որպես լավագույն ընկեր ընտրել է մի շնաձկան, որն ապրում է Խաղաղ օվկիանոսում։ «Նրան հանդիպել եմ 7 տարի առաջ, երբ նա շատ փոքր էր՝ մոտավորապես 15-20սմ։ Սկզբում զգուշորեն մոտեցա նրան, որպեսզի հանկարծ չվախեցնեմ, ապա սկսեցի շոյել նրա փոքրիկ ու նուրբ մարմինը։ Երբ արդեն սովորեց ներկայությանս, նրան գրկեցի ու շնչառական սարքիս միջոցով սկսեցի հետը խոսել»,- նշել է Ռիքը։

Ամեն ամառ նա հանդիպում է իր ընկեր շնաձկանը՝ Փորթ Ջեքսոնին, ում ճանաչում է մեջքի վրայի յուրահատուկ նշաններից. «Մինչ այժմ էլ ամեն տարի հանդիպում ենք։ Երբ գնում եմ իր մոտ, միանգամից ճանաչում է ինձ, գալիս մոտս, միասին լողում ենք, խաղում։ Երբեմն լինում է, որ մի փոքր դժվարությամբ եմ գտնում նրան։ Մի անգամ չէի կարողանում գտնել նրան, բայց զգացի՝ ինչ-որ մի բան ոտքերիս է դիպչում։ Շրջվեցի ու տեսա, որ նա է»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել