Հիսուսը ժողովրդին իր բոլոր ասելիքները վերջացնելուց հետո գնաց Կափառնայում։ Այնտեղ հռոմեացի մի հարյուրապետ կար, որի ծառան, որ շատ սիրելի էր նրան, մահամերձ հիվանդ էր։ Հարյուրապետը երբ լսեց Հիսուսի մասին, մի քանի հրեա երեցների ուղարկեց նրա մոտ՝ խնդրելով, որ գա և փրկի իր ծառային։ Երեցները եկան Հիսուսի մոտ և թախանձագին խնդրելով՝ ասացին.
-Արժանավոր մեկին է, որ բարիք պիտի անես. նա սիրում է մեր ազգը և ինքն է, որ ժողովարան կառուցեց մեզ համար։
Հիսուսը գնաց նրանց հետ։ Երբ մոտեցել էր տանը, հարյուրապետն իր բարեկամներին ուղարկեց, որ նրան ասեն.
-Տե՛ր, նեղություն մի՛ կրիր, ես արժանի չեմ քեզ իմ հարկի տակ ընդունելու. դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի գալու քեզ մոտ։ Հրահանգի՛ր միայն, և իմ ծառան կառողջանա, որովհետև ես ինքս էլ, որպես իշխանության ենթակա մարդ, իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ. մեկին ասում եմ՝ գնա՛, և գնում է, մեկ ուրիշին, թե՝ արի՛, և գալիս է, և իմ ծառային, թե՝ արա՛ այս բանը, և կատարում է։
Հիսուսը երբ այս լսեց, հիացավ նրա վրա և դառնալով իրեն հետևող բազմությանը՝ ասաց.
-Իսկապես ասում եմ ձեզ, որ Իսրայելի մեջ անգամ այսչափ հավատ չգտա։
Պատգամավորները տուն վերադարձան և հիվանդ ծառային գտան բժշկված։
(Ղուկասի ավետարան 7:1-10)
Արդ, ամեն բանից առաջ խնդրում եմ, որ աղոթեք, խնդրանք, պաղատանք և գոհություն մատուցեք բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների և իշխանության գլուխ կանգնած բոլոր մարդկանց համար, որպեսզի խաղաղ ու հանդարտ կյանք վարենք՝ կատարյալ աստվածապաշտությամբ և պարկեշտությամբ, որովհետև ա՛յդ է բարին և ա՛յդ է փափագում Աստված՝ մեր Փրկիչը։ Նա ուզում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության ճանաչմանը, թե մե՛կ Աստված կա միայն, և մե՛կ միջնորդ Աստծու և մարդկանց միջև՝ Հիսուս Քրիստոս մարդը, որն ինքն իրեն տվեց որպես փրկագին բոլոր մարդկանց համար։
(Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 2:1-6)