Երբ փոքր էի, ես երազում էի թռչել, հասնել աստղերին ու ամպերին, դիպչել արևին, ջերմանալ… Ուզում էի վերևից նայել աշխարհին, մարդկանց, հատել երկինքն ու երկիրը.. Ու ես որոշեցի թևեր փնտրել, իսկ երեխայի համար, ով հաստատկամ է և գիտի` ինչ է ուզում, անհնարին բան չկա: Ես հավատում էի իմ երազանքին. հավատում էի ամբողջ հոգով... Պատկերացնում էի ինձ լուսնի վրա և բավական չէ, որ որոշել էի թռչել, ինձ շրջապատող մարդկանց էլ էի առաջարկում գալ հետս: Չեմ մոռանա նրանց զարմացած հայացքներն ու ծիծաղը հազիվ զսպել կարողացող դեմքերը: Բայց, միևնույնն է, ես հավատում էի, իսկ ի՞նչն է աշխարհում ավելի կայուն, քան մարդկային հավատը: Երբ դու հավատում ես, երբ վստահ ես, որ կյանքի վարագույրները դեռ բացվելու են քո առջև, երբ գիտես, որ անձրևից հետո արևը կրկին շողալու է և իր ջերմ ճառագայթների տակ է առնելու քեզ, ուրեմն դու հաղթել ես կյանք կոչվող այս խաղում: Իսկ ես որոշել էի թռչել: Իսկ ո՞ վ կտար ինձ թևեր, ո՞ վ: Չէ՞ որ դրանք չեն վաճառվում, այլապես ես պատրաստ էի ինչքան պետք է փող հավաքել: Բայց վաճառված այս աշխարհում դեռ կան արժեքներ, որ չեն վաճառվում: Յոթ տարեկան էի, երբ առաջին անգամ սիրահարվեցի: Դա հենց այն ժամանակ էր, երբ թևեր էի փնտրում, իսկ երբ մի բան ամբողջ հոգով ուզում ես, կարծես աստվածները վերևից ձայնդ լսում են: Ես փնտրեցի ու գտա, գտա ու հասկացա, որ ճախրելու համար ինձ շատ բան պետք չէր: Եվ եթե ջերմության համար ես ուզում էի հասնել արևին, ապա այժմ արևն ինքն էր ինձ մոտ եկել… Այսօր ես նույն ոգով հավատում եմ, որ յուրաքանչյուրս էլ կարող ենք թռչել և կառուցել մեր իսկ երազած աշխարհը, այսօր ես պատրաստ եմ բոլորին համոզել, որ թևերն ի վերուստ տրված են մեզ. մնում է չզլանալ և նկատել դրանք անհրաժեշտ պահերին, իսկ մեզ հետ կյանքում միշտ ամեն ինչ լինում է անհրաժեշտ պահի, ու բնավ կարևոր չէ`մենք դրանից մեզ լավ ենք զգում, թե վատ, լինում է այն, ինչ պիտի լիներ, քանզի այն ձեռքը, ով գրում է մեզ համար, լավ գիտի իր անելիքը... Իսկ հոգին, որ նա դրել է յուրաքանչյուրիս մարմնի մեջ, մեր ունեցած-չունեցածն է, մի թռչուն, որ երբեմն սուսիկ-փուսիկ իր կերն է փնտրում, երբեմն բնազդաբար կրկնում նույն բանը, իսկ երբեմն էլ անմեղների աչքեր հանում... Այո՛, մենք բոլորս էլ պոտենցիալ մարդասպաններ ենք, երբ կտրում են մեր թևերը, երբ երկնային ազատությունից գալիս ու ընկնում ես երկրի փոշոտ փողոցները... Բայց բոլորս էլ ի վերջո դատապարտված ենք թողնելու երկիրն այս և հանդուրժել այդ փոշին ու խաղալ դրա հետ, երևի հետաքրքիր է նույնիսկ... Այսօր, չնայած ամեն ինչին, ես սովորել եմ նայել վերև ու հավատալ, ապրել ու շնչել`թռչելու սպասումով, իսկ թռչելու համար ինձ շատ բան պետք չէ. ընդամենը թևեր…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել