Ոնց որ թե դրական տեղաշարժ է արձանագրվում Փակ շուկայի շուրջ ծավալվող վանդալիզմի կանխման հարցում։ Ճարտարապետների միության ֆեյսբուքյան էջում Տարոն Մարգարյանին հասցեագրված բաց նամակ է տեղադրվել, որի տակ ստորագրել են բազմաթիվ ճարտարապետներ։ Նամակի բովանդակությունը.
«Մենք՝ քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովի անդամներս, քաջատեղյակ ենք Մաշտոցի պողոտայի Ծածկած շուկայի խեղման հանդեպ քաղաքապետարանի և անձամբ Ձեր անհանդուրժողական դիրքորոշմանն ու նաև կիրառած վարչական պատժամիջոցներին: Սակայն շուկայի սեփականատիրոջ ցուցադրական անհնազանդությունը, օրինազանցության հարաճուն շարունակականությունը ու դրա հետ մեկտեղ հանրության զանգվածային բողոքարկումների հանդեպ պետական ատյանների թևաթափ կեցվածքը մտահոգիչ են ու անբացատրելի: Ճիշտ է, լիազոր բոլոր մարմինները կազմել են գործառույթը դատապարտող պատշաճ արձանագրություններ, սակայն դրանք բոլորն ի վերջո խորհուրդներ են միայն և ոչ պարտադրանք: Տպավորությունն այնպիսին է, կարծես սեփականատերը ապահովագրված է անպատժելիության զորավոր մուրհակով: Մինչդեռ զավեշտալի այս ներկայացմանը վերջակետ դնելու համար գոյություն ունի օրենսդրական հստակ ճանապարհ: Այն է` Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող ու որպես հանրապետական նշանակության պատմաճարտարապետական հուշարձան պետության պահպանության տակ վերցված Կենտրոնական ծածկած շուկայի հետ կատարվածը որակավորել որպես մշակութային վանդալիզմ, իսկ սեփականատիրոջ նկատմամբ հարուցել դատական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի հիմքերով, պահանջելով նրանից հուշարձանին հասցված վնասի հատուցում ու զրկելով նրան գուքի նկատմամբ սեփականության իր իրավունքից: Այնուհետև Մաշտոցի պողոտայի Ծածկած շուկան ազգայնացնել ու վերադարձնել Երևանի համայնքին: Սա միակ օրինական ելքն է՝ ստեղծված իրավիճակից արժանապատվությամբ դուրս գալու համար: Եվ քանի որ երևույթի հանդեպ ըմբոստացողը հանրությունն է, ապա և քրեական գործը, բնականաբար, պետք է հարուցի հանրային շահերը ներկայացնող ատյանը` քաղաքապետարանը: Սա ոչ միային մեր՝ հանձնաժողովի անդամների, այլև մտահոգ ողջ հանրության պահանջն է՝ ուղղված պետական ատյաններին, այդ թվում Երևանի քաղաքապետարանին: Հարգանքով ու հստակ գործողությունների ձեռնարկման ակնկալիքով, Հանձնաժողովի անդամներ` Մկրտիչ Մինասյան, Լևոն Ղալումյան, Ալբերտ Զուրաբյան, Գուրգեն Մուշեղյան, Սաշուր Քալաշյան, Ասլան Մխիթարյան, Լևոն Վարդանյան, Աշոտ Ալեքսանյան, Սարգիս Սարդարյան, Ալեքսանդր Բադալյան, Կարո Այվազյան, Արսեն Առուստամյան, Գագիկ Հովհաննիսյան, Հարրի Ռաշիդյան, Հրաչյա Վարդանյան»:
Սպասում ենք քաղաքապետի արձագանքին։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/287979111335860?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել