Պարզվում է` Ծիծաղի միջազգային օրվա արմատները կապված են մեկ այլ սիրված տոնի` Նոր տարվա հետ: Եվրոպայում 16-րդ դարի երկրորդ կեսին Ամանորը նշվում էր մարտի վերջերին: Նոր տարվա տոնակատարությանը եվրոպացիները պատրաստվում էին ամենայն պատասխանատվությամբ: Նրանք միմյանց հյուր էին գնում, նվերներ տալիս, բարեմաղթանքներ հղում: Նոր տարվա բուն գալուստը նշանավորվում էր ապրիլի 1-ին: 

Ավելի ուշ, արդեն Ֆրանսիայի թագավորի հրամանով, մարդիկ տարեմուտը սկսել են նշել հունվարի 1-ին: Չնայած այս հանգամանքին` հասարակության մի ստվար հատված շարունակել է Ամանորը մեծ շուքով նշել հենց ապրիլի 1-ին: Դժվար է միանշանակ պնդելը` բնակչության նշյալ հատվածը շարունակում էր այդպես վարվել «ուղտի ականջում» քնած լինելո՞ւ պատճառով, թե՞ թագավորական հրամանը քամահրելու ակնհայտ մղումով, բայց փաստ է, որ մարդիկ շարունակում էին իրենց փոխայցելություններն ու նվերներ բաժանելը: 

Նման մարդկանց այդ ժամանակ սկսեցին «ապրիլմեկյան հիմարներ» կոչել: Մոդայիկ դարձան վերջիններիս գլխին զանազան «օյիններ» խաղալն ու ծանակելը: Անցան տարիներ: Զվարճալի խաղարկությունները, «անշառ» ստերն ու միմյանց հոգու հետ խաղալը վերածվեցին բարի ու հաճելի ավանդույթի: Ավանդույթ, որի շարունակականության համար մարդիկ պարտական են հումորի սիրահար, բաց սրտերի տեր, ծիծաղի ու ժպիտի արժեքն իմացող մարդկանց: 

Ապրիլի 1-ը Ռուսաստանում «Ծիծաղի օր» է հայտարարել Պետրոս Առաջինը: Պատմագիրների վկայությամբ` կայսրն այդպիսի վճիռ է կայացրել ամեն առավոտ ենթակաների մթին ու դժգոհ դեմքերը տեսնելուց եւ վերջիններիս կցկտուր ու անհոդաբաշխ զեկույցները լսելուց հետո: Ավելին` ծիծաղի դերն ու կարեւորությունը գիտակցած կայսեր հրահանգով 1702 թվականին հենց Մոսկվայի սրտում` Կարմիր հրապարակում, կառուցվում է փայտամած մի շինություն` կատակերգական ներկայացումներ բեմականացնելու համար: Ըստ էության` այսպես է ստեղծվում առաջին հանրային թատրոնը, որի ներկայացումներին կարող էին ներկա գտնվել բոլոր ցանկացողները:

Հայաստանում ապրիլի մեկն ընդունված է համարել «խաբելու օր», որը հատկապես ոգեւորում է դպրոցականներին եւ ուսանողներին: Սակայն ՀՀ Կառավարության` 2006 թվականի փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ ապրիլի 1-ը պետականորեն ճանաչվեց որպես Հումորի եւ երգիծանքի պաշտոնական օր:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել