( 6ապրիլ, 1969թ.)
<<Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամեն>>:
Սիրելի հավատացյալ ժողովուրդ:
Ցնծացեք և ուրախ եղեք զի այսօր տոն է սուրբ Հարության:
Այսօր, Միածնաէջ Մայր տաճարի զանգակները կավետեն մեր փրկչի՝ Քրիստոսի Հարությունը՝ հայոց բոլոր եկեղեցիներում, հայ ժողովրդի բոլոր զավակներուն ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի:
Այսօր, գարնան այս լուսաբացին, երբ արևին կենդանարար լույսը այնքան առատ կիջնե համայն աշխարհի վրա, ուրախ լույս մը , նույնքան առատ և կենդանարար կբաշխվի մեր հոգիներու աշխարհին:
Այդ այն լույսն է, որ մեր նախնիք կոչեցին <<իմանալի լոյս>>: Այդ այն լույսն է, որ բեղմնավորեց և փառքով լեցուց հայ ազգի կյանքն ու պատմությունը ամբողջ: Այդ այն լույսն է, որ նույնիսկ մահը դարձուց <<իմացեալ>> և ճանապարհ բացավ դեպի հավերժություն:
Զի Հիսուս <<մահվամբ զմահ կոխեաց և յարութեամբ իւրով մեզ զկեանս պարգևեաց>>:
Զավակներ մեր հարազատ, Զատիկ է այսօր, ցնծացեք և ուրախ եղեք: Միշտ արթուն և լավատես, միշտ վստահ ձեր սեփական ուժերուն, ձեր կյանքի ճանապարհին վառ պահեցեք ջահը նախնյաց հավատքին և լույսը հայ հոգիին: Ուր ալ գտնվիք, ձեր հայրենի հողի կամ հեռու ափերու վրա, մնացեք հավատարիմ սուրբ Լուսավորչի և սուրբ Մեսրոպի տեսիլքներուն, մնացեք հավատարիմ Ավարայրի և Սարդարապատի հերոսներու ուխտին, մնացեք հավատարիմ հայրենի հողին, մեր արդի կյանքին և գործին, և ապագային: Եվ ինչ ալ պատահի, անսասան , մեկ ու անբաժան, ամենայն հայոց սուրբ Էջմիածնի օրհնության ներքև:
Այո, Զատիկ է այսօր, և օր է՝ արդար ու համարձակ խոսքի, ի խնդիր մեր սուրբ Եկեղեցվո և ժողովրդի կյանքի խաղաղության, որ կրնա կենսագործվիլ միմիայն եղբայրական սիրով և միության ոգիով, պահպանումովը մեր նվիրապետության դարավոր կարգ ու կանոնին և գիտակցությամբը մեր ազգային հիմնական շահերուն:
Իբրև Հայոց Հայրապետ, Մեր սեպուհ պարտքը կնկատենք, անդադար ահազանգ հնչեցնել, հազար խոսքերով, հազար ձևերով, լսելի դարձնելու համար մեր օրերու հոգևոր-ազգային կյանքի գերագույն ճշմարտությունը՝ թե հայության միակ ապահով խարիսխը աստվածակառույց սուրբ Էջմիածինն է և մայր հողը հայրենի: Հայաստան, հայ ժողովուրդ, հայոց պատմություն իրարմե անբաժան են, և միասին անբաժան են ՝ ս. Էջմիածնեն:
Սփյուռքի մեր զավակները պիտի մնան այնքան ատեն հայ, և այնքան հայ, ինչքան կարողանան իրենց հոգիի թելերով կապվիլ հավիտենական Մայր Հայաստանին և հայաստանցի ժողովուրդին, և մանավանդ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որ բազմադարյան գերագույն խորհրդանշանն է և երաշխիքը՝ հայոց կրոնական գիտակցության և ազգային միասնության:
Հաճախ, ծանր ապրումներ կճնշեն Մեր սրտին վրա, ի տես այն կենտրոնախույս ձգտումներուն և պառակտումներուն, որոնք հառաջ եկած են Սփյուռքի մեր եկեղեցական կյանքեն ներս: Հաճախ կնմանինք այն բժշկին, որ ձեռքը դրած հիվանդի բազկերակին, մտահոգ կհետևի անոր մարմնույն մեջ բույն դրած քայքայիչ զարգացումներուն, և կփորձե դիմել ամեն հնարքի, զորացնելու համար հիվանդի մարմնույն դիմադրական ույժերը, անոր ինքնապաշտպանությունը: Եվ բժշկի նման ՝ երբեմն հոռետես ենք ու անզոր, երբեմն՝ հուսադրված ու լավատես, սակայն միշտ մտահոգ: Կտարվինք նաև խորհելու , թե սփյուռքահայ կյանքի ընդհանուր տեղատվության հիվանդագին դրսևորումներեն մին, կհանդիսանան բաժանումները Մայր Աթոռեն:
Սուրբ Զատկի այս նվիրական պահուն, երբ կփառաբանենք ույժերը բարիին և հաղթությունը արդարության, երբ մեր հոգիներեն ներս կճառագայթեն պայծառ զգացումները սիրո և հաշտության , սուրբ Էջմիածնի մայրական հրավերը կբերենք Մեր բոլոր պանդուխտ զավակներուն, որ հեռու մնան պառակտումներեն, որ ձերբազատվին ամեն տեսակի թյուր իմացություններե, և մեկ սիրտ մեկ հոգի, մտածեն և գործեն ամրացնելու իրենց հոգևոր միությունը, մեկ ու անբաժան Եկեղեցիով, մեկ ու անբաժան նվիրապետությամբ, մեկ ու անբաժան հայոց ընդհանրական Հայրապետությամբ...
Մենք կհավատանք, թե բուն հայ ժողովուրդը, անկախ այլ կարգի ըմբռնումներե, Մեզ քաջ կհասկնա: Կհասկնա Մեր խռովքը, Մեր իղձը արդար և իր հոգիով ուտի կուգա այսօր ի լույս Էջմիածին..
Այո, Մեր սիրտը կվկայե, թե այս տոնական սրբազան ժամին, այստեղ սուրբ Էջմիածնի այս կամարներուն տակ, հավաքված է մեր ազգը համայն անխտիր, իր բովանդակ հոգիով՝ ամբողջ ու անբաժան:
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՀԱՄԱՅՆ, ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԵՐԻՆ ԲՈԼՈՐ, ՍԵՐ ԵՎ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻԻՆ, ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐՈՒՆ ԱՄԵՆ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել