Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով եկեղեցու վերականգնման գաղափարը մի քանի ամիս առաջ է ծնվել, իսկ նախագծման աշխատանքները հունիսի 14-ից արդեն մեկնարկել են:
Այս մասին ասել է Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով եկեղեցու վերականգնման աշխատանքների ծրագրի ղեկավար Տիգրան Աբրահամյանը և նշել, որ այդ աշխատանքները պետական միջոցների հաշվին չեն իրականացվում:
«Ծրագրի աշխատանքներն իրականացնելու համար ճարտարապետների խումբ է ստեղծել: Առաջիկա 1,5-2 ամսում կփորձենք ամբողջացնել նախագիծը, որը կանցնի անհրաժեշտ ընթացակարգերը, նոր միայն կմեկնարկվեն շինարարական աշխատանքները: Այդ աշխատանքներն ընդգրկում են եկեղեցու հատակից մինչև տանիքն ամբողջությամբ. անշուշտ, հաշվի են առնվելու պատմական բոլոր առանձնահատկությունները,- ասել է Տ. Աբրահամյանը և նշել,- գաղափարը շատ բազմաշերտ է։ Առաջնայինը դասական առումով եկեղեցու վերականգնման գործընթացն է: Խնդիրը ոչ թե ուղղակի եկեղեցու պատերի փոսալցումն է կամ հետագա քանդվելը կասեցնելը, այլ եկեղեցին իր նախկին պատմական տեսքին բերելը: Կարևոր է, որ վերականգնման օրինակելի մոդել ստեղծենք՝ սահմանելով բարձր նշաձող»:
Խոսելով ծրագրի ընդհանուր բյուջեի մասին՝ Տ. Աբրահամյանը նաև ասել է, որ աշխատանքները դեռ նախագծման փուլում են, և դրա ավարտից հետո նոր հնարավոր կլինի խոսել այդ մասին: