«Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպության իրավական ակումբը, նպատակ ունենալով նպաստել Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների իրավագիտակցության բարձրացմանը և իրավական իրազեկմանը, ձեռնամուխ է եղել իրավական ոլորտում հետազոտական-վերլուծական աշխատանքների իրականացմանը:
Առաջին ուսումնասիրությունները նվիրված են մարդու իրավունքներին ու հիմնարար ազատություններին: Սույն նախաձեռնության շրջանակներում իրականացված հետազոտական-վերլուծական աշխատանքի արդյունքները կներկայացվեն հոդվածաշարերի տեսքով:
Առաջին հոդվածաշարը նվիրված է խոսքի (արտահայտման) ազատության իրավունքին, որի շրջանակներում խոսքի ազատությունը կներկայացնենք սահմանադրական, քաղաքացիական, քրեական, վարչական, միջազգային իրավունքի տեսանկյունից: Անդրադարձ կկատարենք նաև ներպետական և միջազգային փորձին:
Սույն հոդվածի շրջանակներում կներկայացնենք խոսքի ազատության սահմանադրաիրավական կարգավորումները:
Խոսքի ազատությունը համարվում է սահմանադրական իրավունք և ամրագրվում է բոլոր ժողովրդավարական պետությունների սահմանադրություններում:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) առաջին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Սրանից հետևում է, որ խոսքի ազատության իրավունքը, ի թիվս մարդու մյուս հիմնարար իրավունքների և ազատությունների, ամրագրված է Սահմանադրությամբ:
Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
Մարդու մտքի արդյունքը նրա կարծիքն է շրջակա աշխարհի և այլ մարդկանց նկատմամբ: Միտքը չի կարող լինել ազատ, եթե հնարավոր չէ այն ազատ արտահայտել: Մարդու կարծիքը և համոզմունքը կազմում են նրա ներաշխարհը, որոշում են նրա անհատականությունը: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվել իր կարծիքից կամ փոխել այն: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր կարծիքը և համոզմունքն արտահայտելու անարգել, հետևաբար ո´չ պետությունը, ո´չ պաշտոնատար անձինք, ո´չ հասարակական կազմակերպությունները, ո´չ հանրության անդամները և որևէ մեկը, ով էլ որ լինի, չեն կարող մարդուն հարկադրել արտահայտելու իր կարծիքը և համոզմունքը կամ հրաժարվելու դրանցից: Ոչ մի ազատ ժողովրդավարական հասարակության մեջ մտքի, խոսքի, կարծիքի և տեղեկատվության ազատությունը չի պաշտպանում անվայելուչ, անպարկեշտ արտահայտությունները, ոչ նորմատիվային բառապաշարը և զոհի նկատմամբ բացահայտ անպատկառ` մարդկային հասարակությունում ընդունված բարոյական և բարոյախոսական նորմերին, մարդկանց միջև վարքագծի տարրական կանոններին խորապես հակասող վերաբերմունքը և նրա մարդկային արժանապատվությունը նսեմացնող այլ ձևերը:
«Յուրաքանչյուր ոք» հասկացության ներքո Սահմանադրությունը ներառում է ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այնպես էլ օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց: Այսինքն` կարծիքն ազատ արտահայտելու իրավունքով օժտված է յուրաքանչյուրը, անկախ քաղաքացիությունից:
Կարծիքն ազատ արտահայտելու իրավունք ասելով պետք է հասկանալ`
- սեփական կարծիք ունենալը,
- տեղեկություններ և գաղափարներ փնտրելը,
- տեղեկություններ և գաղափարներ ստանալը,
- տեղեկություններ և գաղափարներ տարածելը:
Սահմանադրության 42-րդ հոդվածով ամրագրված տեղեկություններ և գաղափարներ փնտրելու և ստանալու ազատությունը չպետք է նույնացնել Սահմանադրության 51-րդ հոդվածով ամրագրված տեղեկություններ ստանալու իրավունքի հետ, որը ենթադրում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունքը: Այսինքն` մի դեպքում մարդն ազատ է փնտրելու և ստանալու տեղեկություններ և գաղափարներ, իսկ մյուս դեպքում` տեղեկություններ տրամադրելը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց պարտականությունն է:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածում հստակեցվում է, որ ազատությունը ենթադրում է «…ստանալ և տարածել տեղեկություններ և գաղափարներ` առանց հանրային իշխանությունների կողմից միջամտության և անկախ պետական սահմաններից»: Պետական մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են ապահովել իրենց գործունեության վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը: Անձը, ով ցանկանում է անարգել ստանալ այդպիսի տեղեկատվություն, պարտավոր չէ հիմնավորել դրա ստանալը: Բացառություն է կազմում սահմանափակ մատչելիությամբ տեղեկատվությունը: Ֆիզիկական և իրավաբանական անձանց համար պետական տեղեկատվական աղբյուրների մատչելիությունը պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական, քաղաքական և այլ կազմակերպությունների գործունեության, ինչպես նաև տնտեսության, բնապահպանության և հասարակական կյանքի մյուս ոլորտների վիճակի նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացման հիմք է հանդիսանում: Սահմանափակ մատչելիությամբ տեղեկատվության թվին է դասվում, ամենից առաջ, պետական գաղտնիքը: Պետական գաղտնիք համարվող տեղեկությունների շրջանակը սահմանվում է օրենքով և վերաբերում է երկրի պաշտպանությանը, անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը, հետախուզական և հակահետախուզական գործունեությանը, օրենքով սահմանված այլ ոլորտներին:
Անհրաժեշտ է նշել, որ մինչ Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունները, քննարկվող հարցը կարգավորվում էր 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 27-րդ հոդվածով, որտեղ օգտագործվում էր 2 հասկացություն` «կարծիքն ազատ արտահայտելու իրավունք» և «խոսքի ազատության իրավունք»: Տպավորություն էր ստեղծվում, որ այստեղ կարգավորված են երկու տարբեր իրավունքներ, մինչդեռ միջազգային փաստաթղթերում և դատական պրակտիկայում այն մեկ ամբողջական իրավունք է:
Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը:
Ամրագրելով լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների (մամուլ, ռադիո, հեռուստատեսություն) ազատությունը` Սահմանադրությունը երաշխավորում է մտքի և խոսքի ազատության իրավունքների իրագործումը: Որպեսզի լրատվության միջոցները ճիշտ ծառայեն իրենց նպատակին, դրանք պետք է լինեն անկախ, ազատ և չենթարկվեն գրաքննության: Անկախ է համարվում այն մամուլը, որը չի ենթարկվում ոչ կառավարությանը, ոչ էլ գրաքննության: Քաղաքացիներն իրավունք ունեն զանգվածային լրատվության միջոցներով օպերատիվ կարգով հավաստի տեղեկություններ և գաղափարներ ստանալու պետական մարմինների ու կազմակերպությունների, հասարակական միավորումների, դրանց պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ:
Սահմանադրական դատարանն իր` 2007 թվականի փետրվարի 16-ի ՍԴՈ-678 որոշման մեջ արձանագրել է, որ «Զանգվածային լրատվամիջոցի անկախությունը, մասնավորապես, ենթադրում է ծրագրային քաղաքականության, հաղորդացանկի կազմման, հաղորդումների ուղղվածության որոշման գործընթացներում ինքնուրույնություն ու ազատություն, այդ գործընթացների վրա իշխանությունների որևէ ազդեցության բացառում»:
Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատության երաշխիքները և սահմանափակումները առավել մանրամասն կներկայացվեն այս հոդվածաշարի շրջանակներում` խոսքի ազատության վարչաիրավական կարգավորումներին անդրադառնալիս:
Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Սահմանելով խոսքի ազատության իրավունքը և դրա երաշխիքները, Սահմանարդրությունն ամրագրում է նաև դրա սահմանները և սահմանափակումները: Խոսքի ազատության իրավունքը, ինչպես և մյուս իրավունքները բացարձակ չեն: Դրանք վերաբերում են այլոց իրավունքներին, նրանց հեղինակությանը, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության ու բարոյականության պահպանմանը: Հենց այդ չափանիշներն են պայմանավորում համապատասխան ազատության օբյեկտիվ իրավական սահմանները:
Հիմք ընդունելով կարծիքի արտահայտման ազատության սահմանադրական կարգավորումները կարող ենք հետևություն անել, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է խոսքի ազատությունը, իսկ դրա համար նախատեսված սահմանափակումները համապատասխանում են միջազգային փաստաթղթերով ամրագրված խոսքի ազատության սահմանափակման չափանիշներին:
Աղբյուրներ`
«Հայաստանի Հանրապետության 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրությունը. համառոտ պարզաբանումներ», Վ. Պողոսյան, Ն. Սարգսյան, Երևան, 2016
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ», Գ. Հարությունյան, Ա. Վաղարշյան, Երևան, 2010
Լուսինե Ղուկասյան