ԳՆՈՒՄ ԵՄ ԿՌՎԵՄ ՈՒ ԳԱՄ…

ԵՍ ԿՍՊԱՍԵՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԵՂՐԻՆ, ՀԱՅՐԻ՛ԿՍ:
Հիմա այնպես եմ ուզում հետ պտտել ժամանակը, որպեսզի արթուն լինեի քո գնալիս եւ կարողանայի գոնե վերջին անգամ գրկել քեզ… Քնած էի, երբ քույրս հեռախոսը դրեց կողքիս՝ ասելով. «Անի ջան, հայրիկն ա, խոսի»…

- Հայրի՛կ…

-Հա, Անի ջան, ո՞նց ես, աղջիկս:

-Հայրի՛կ, բա դու ո՞ւր ես…

- Գնում եմ կռվեմ ու գամ, աղջիկս:

- Չէ, հետ արի, արի ինձ էլ տար…

- Անի ջան, հայրիկը գնա, քեզ մեղր բերի հա՞ Ղարաբաղից…

- Չէ՛, ինձ էլ տար, չեմ ուզում մեղր, խոստացար, որ կտանես, արի, ինձ էլ տար…

- Կգամ, աղջիկս…

Լալիս էի… Վերջին անգամ էր, երբ լսեցի ձայնդ: Ու հիմա եմ հասկանում միայն, ինչ դժվար էր նաեւ քեզ համար, եւ ինչ ես ապրել այդ պահին…

Այն, թե ինչ էր քո կորուստն ինձ համար, երբեք ոչ մի բառով չեմ կարող ասել….միայն կասեմ, որ քեզ կորցնելով` ես կորցրի ինձ: Ես փոքր էի, ուստի ինձ մնում էր միայն սպասել…վերադարձիդ… Եվ այսօր էլ ես անկեղծորեն հավատում եմ այդ սպասումին. ինչպե՞ս կարող է սխալվել այն մանուկը, որ Հայրիկի մեղրին է սպասում, ով ավելի քան վստահ է, որ Հայրիկը կգա…

Տարիներ են անցել, Հայրս, ու այդ տարիներն են հենց, որ սովորեցրին ինձ ապրել քո կարոտի ու հիշողության հետ՝ միշտ հոգումս եւ սրտումս քեզ ջերմորեն պահելով…

ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել