Լինելով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մեծ երկրպագու՝ խորապես ցավ եմ ապրում՝ տեսնելով հավաքականի անմխիթար և անհույս վիճակը: Ունենալով լավ և բարձրակարգ ֆուտբոլիստներ ՝ Արազ Օզբիլիս, Յուրա Մովսիսյան, Պիզելի Մարկոս, Արթուր Սարկիսով, Մխիթարյան, մեր հավաքականը չի կարողանում ցուցադրել այն ֆուտբոլը, որն ունակ է խաղալ: Անցկացնելով 4 հանդիպում և գրանցելով ընդամենը 3 միավոր 12 հնարավորից՝ ես համարում եմ, որ սա խայտառակ արդյունք է: Մալթայի դեմ խաղում պատճառը մեկնարկային լարվածությունն էր, Բուլղարիայի դեմ խաղում՝ մեր տաքարյունությունն էր, Իտալիայի դեմ խաղում՝ Իտալիայի բարձր կարգն էր, Չեխերի դեմ՝ անսիրտ ու անհոգի ֆուտբոլիստները. պատճառներ շատ կան, բայց մեզ պետք է «անպատճառ» ֆուտբոլ: Լինելով ֆուտբոլի մեծ երկրպագու և քիչ թե շատ հասկանալով ֆուտբոլից` կարծում եմ, որ պետք է՝ 1.Իհարկե գնահատելով Վ.Մինասյանի ներդրած մեծ ավանդը հավաքականի կայացման գործում՝ այնուամենայնիվ կարծում եմ, որ եկել է ժամանակը ունենալու ավելի բարձրակարգ (տակտիկապես բարձրակարգ) մարզիչ, քանի որ սա արդեն Մինասյանի մակարդակը չէ: Քանի որ մեր օրերում ֆուտբոլում մեծ է մարզչի դերը, և ամբողջ խաղը հիմնված է տակտիկայի վրա, կարծում եմ, որ ՀՖՖ-ն պետք է թույլ տա, որպեսզի Մինասյանը հավաքականից հեռանա գլուխը բարձր: 2.Պետք չէ հավաքականում մի ֆուտբոլիստի թույլ տալ, որպեսզի նա իրեն զգա այդ թիմի տերն ու տիրակալը և իրեն բարձր դասի մյուսներից: 3.Ճիշտ քաղաքականություն վարել նոր ֆուտբոլիստներ հրավիրելու ժամանակ, այլ ոչ թե հրավիրել և դուռը շրխկացնել երեսին, ինչպես վարվեցին Խաչատուրովի հետ: 4.Անցկացնել ընկերական հանդիպումներ ավելի լավ հավաքակաների հետ. խոսքս Իսպանիայի, Բրազիլիայի կամ էլ Արգենտինայի մասին չէ, բայց միևնույն ժամանակ լավ հավաքականներ ասելով պետք չէ հասկանալ Լյուքսենբուրգ կամ Անդորրա: Կարելի է մրցել Ուելսի, Ուկրաինայի, Լեհաստանի կարգի հավաքականների հետ: Հույսով եմ, որ ՀՖՖ-ն և հավաքականի մարզչական շտաբը լուրջ հետևություններ կանեն, քանի որ պետք չէ հիասթափեցնել հայ երկրպագուին, այլապես նրանց նորից մարզադաշտ տանելը շատ դժվար կլինի: Լսելով Մինասյանի խոսքերը, որ մենք Բրազիլիա չէինք էլ պատրաստվում գնալ, ինձ թվում է, որ հավաքականում ամեն ինչ թողնելու են ինքնահոսի: Չնայած այս ամենին՝ հաջողություն եմ մաղթում հավաքականին հետագա խաղերում և ցանկանում, որպեսզի մնացած 6 հանդիպումներում 18 հնարավորից վաստակեն 18 միավոր, և մենք իրոք մեկնենք Բրազիլիա…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել