Գայանե Արզումանյանը` նույն ինքը` Գայան, «Հայաստանի ձայնը» նախագծի ֆինալիստներից է, ով արդեն երկրպագուների մեծ բանակ ունի:

Երգչուհին 2005-2008 թ.-ին երգել է «Արցախի ձայն»-ը նախագծում, իսկ մինչև 2005 թվականը սովորել է երաժշտական ուսումնարանի դասական ու ջազ-էստրադային բաժիններում և շուրջ ութ տարի դասավանդում է նույն բաժնում: Երգչուհին ծնունդով Ղարաբաղից է: Նա խոստովանեց, որ մինչ մրցույթին մասնակցելը երգել է թե Ղարաբաղի, թե Հայաստանի տարբեր ակումբներում, ռեստորաններում և այդ ընթացքում իրեն չի համարել մրցույթային երգչուհի: «Մրցույթին մասնակցելու հայտն առանց ինձ զգուշացնելու ներկայացրել են մայրս ու ընկերս և հետո անակնկալի կարգով դրա մասին հայտնել ինձ: Ես այստեղ մորս շնորհիվ եմ»:

Երգչուհի Գայանե Արզումանյանը «Հայաստանի ձայնը» մրցույթի մյուս բոլոր մասնակիցներից տարիքով բավական մեծ է, ինչն, ըստ նրա, խոչընդոտ չի հանդիսանում: «Ես կարծում եմ, որ տարիքը երգելու հետ բոլորովին կապ չունի: Երբ ես տասնյոթ տարեկանում երգեցի, բոլորը բերանները բաց լացեցին»:
Թե մրցույթի ընթացքում, թե առհասարակ, Գայան հաճախակի է շեշտում է իր արցախցի լինելու մասին: ArmStar.am-ի այն հարցին, թե արդյոք ղարաբաղցի լինելը ստատու՞ս է Գայայի համար, երգչուհին պատասխանեց. «Ղարաբաղը մի հող է, որտեղ ես ծնվել եմ, ամեն ինչ է ինձ համար, ղարաբաղցի լինելն ինձ համար առանձնահատկություն չէ, նշելով իմ ծագումը` ես հիշատակում եմ իմ բնօրրանը, քանի որ հոգով, սրտով ղարաբաղցի եմ»:

Երգչուհին ավելացրեց, որ եթե հայաստանաբնակ մասնակիցները չեն հիշատակում Հայաստանի մասին, չի նշանակում թե իրենք չեն սիրում իրենց հայրենիքը, կամ չեն սիրում իրենց բնօրրանը, ընդհակառակը` «Երբ ես ասում եմ «Արցախի ձայն», դա ինձ համար նույնն է, ինչ «Հայաստանի ձայն», եթե լինեի գորիսեցի, լոռեցի դրա մասին ևս կհիշատակեի»: Իհարկե, կարծում եմ մի փոքր օտար կհնչեր «Լոռվա ձայն», «Գորիսի ձայն» արտահայտությունները»:

Երգչուհին նախագծի ընթացքում կարգախոս դարձած մի արտահայտություն ունի` «Մինա ես եմ հաղթելու»..., այս առիթով երգչուհին մեկնաբանեց, որ իր համար լավագույն հաղթանակն Արտո Թունջբոյաջյանի հետ աշխատանքն է: «Ես որոշել էի, որ եթե Արտոն չշրջվի, ես չեմ մասնակցելու նախագծին: Ինձ համար ամենալավ ձեռքբերումն այս մրցույթի ընթացքում Արտոյի հետ շփումն է, նրա խորհուրդները: Նա ինձ համար ոչ միայն անկրկնելի մարզիչ է, այլև մեծատառով մարդ, մեծ ընկեր, մեծ մարդ: Այսպիսով, իմ կարգախոս դարձած արտահայտությունն իրականություն է. ես իսկապես հաղթել եմ, քանի որ շատ բան եմ ձեռք բերել այս նախագծի ընթացքում ու վստահ եմ, որ այստեղից հաղթանակած եմ դուրս գալու»:

Գայայի հետ զրույցում մենք պարզեցինք նաև, որ «Գայա» բեմական անունն ի սկզբանե երգչուհուն տվել է «Արցախի ձայնը» նախագծից Եվա Քոչարյանը` «Հայա» տարբերակով, իսկ Գայանեն այդ անունը դարձրել է Գայա:
Ըստ Գայայի՝ երգչուհու կարիերա ստեղծելն իր համար երկրորդական է այն իմաստով, որ նա արդեն ամեն ինչ ունի: «Երգի շնորհիվ ես ունեմ ամեն ինչ, ինձ համար երգը մի այլ աշխարհ է: Շատ կարևոր է, որ այն, ինչ անում եմ, սիրով անեմ, իսկ երգել ես սիրում եմ»:

Երգչուհին նշեց նաև, որ հայտնի դառնալուց հետո իր կյանքում էական ոչինչ չի փոխվել: «Ես իմ շատերից տարբերվող արտաքինի ու ոճի շնորհիվ միշտ էլ եղել եմ մարդկանց ու հատկապես տղամարդկանց ուշադրության կենտրոնում»:
Զրուցեց` Աշխեն Մնացականյանը
Լուսանկարները` Հայաստանի ձայնը նախագծի և Գայա Արզումանյանի անձնական արխիվներից




