Մի քանի ամիս առաջ լուրեր տարածվեցին, որ ԱԻՆ փրկարար ուժերի փրկարար բաժնի պետ Արսեն Արշակյանը իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից ու ուղարկվել կադրերի ռեզերվ։ Հենց ինքը՝ Արշակյանը, նման կերպ մեկնաբանեց այդ լուրերը՝ հաստատելով այդ տեղեկությունը։ Ի դեպ՝ վերջինս նաև ժամանակին գլխավորել է Երևանի ՃՈ-ն։ Եվ ահա այժմ տեղեկություն է տարածվել, որ Արշակյանը պատրաստվում է արտագաղթել Հայաստանից, ավելին՝ գտնվում է ԱՄՆ-ում, ընտանիքի հետ։ Եթե սա ճիշտ է,ապա մենք գործ ունենք մի վտանգավոր երևույթի հետ։ Երիտասարդ սպան, որոշակի ժամանակահատված չունենալով զբաղմունք, միանգամից թևաթափ է լինում, կամ որ ավելի վտանագավոր է, սեփական երկրին «ինադ» է անում ու թողնում, գնում։ Ասել է թե՝ դուք էլ չլինեք, ձեր երկիրն էլ։ Սակայն պետական պաշտոնյան, առավել ևս՝ ուժային կառույցում աշխատող մարդը պետք է հասկանա, որ պաշտոնում լինելը հավերժ չէ, ու միգուցե կյանքի այդ փուլում պետք է ժամանակավոր դադար տալ, ինչը պետությունը հետագայում միգուցե ավելի շատ գնահատի։ Չգիտես՝ ինչու, մեր պաշտոնյաներին, իսկ ավելի կոնկրետ՝ նախկին պաշտոնյաներին անընդհատ թվում է, թե եթե հանգամանքների բերումով իրեն գործից ազատել են կամ մի որոշ ժամանակով ռեզերվ ուղարկել, ապա ինքը պետք է մուռը հանի պետությունից ու թողնի, գնա երկրից՝ «այս երկրում ապրել հնարավոր չէ» ձայնարկությամբ։ Այսինքն՝ ինչ է, եղբայր, երբ պաշտոն ունեիր, շատ էլ լավ հնարավո՞ր էր, հրաշալի էր կյանքը, իսկ հիմա, երբ հարյուրհազարավորների նման գործազուրկ ես դարձել, պետք է դժգոհե՞ս։ Սա ավելի շուտ նման է մանկական կապրիզի, ու կներեք, նման մտածելակերպը պետական ծառայողի համար շատ վտանգավոր է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: