Շարունակում ենք գրել 20-րդ դարի ամենասարսափելի բռնապետերի մասին: Նախորդ անգամ խոսվեց Ադոլֆ Հիտլերի մասին: Այս անգամ կխոսենք Լատինական կամ Հարավային Ամերիկայի ամենասարսափելի բռնապետերից մեկի՝ Ավգուստո Պինոչետի մասին: Մարդ, ով զենքի ուժով, ավելի կոնկրետ՝ ռազմական հեղաշրջման շնորհիվ իշխանության գալով, Չիլիում 20-րդ դարի ամենասարսափելի ռազմական ռեժիմներից մեկը հաստատեց: Մարդ, որի կառավարման շրջանը շատերը սարսափով են հիշում: Մարդ, որի կառավարման շրջանում Սանտիագոյի մարզադաշտերում գնդակահարվում էին այլախոհները կամ կորչում համակենտրոնացման ճամբարներում:
Չիլիի ռազմական բռնապետ գեներալ Պինոչետը ծնվել է 1915թ. նոյեմբերի 25-ին չիլիական Վալպարասիոյում: Տասնյոթ տարեկան հասակում Պինոչետը սկսել է ռազմական արվեստով զբաղվել: 1930-ականներին նա արդեն իսկ սպայական կոչումներ ուներ: Հարկ է նշել, որ Պինոչետը Երրորդ Ռեյխի և անձամբ Ֆյուրերի մեծ երկրպագուն էր: 1948թ. Պինոչետն ընդունվեց հետևակային ակադեմիա, որը հիմնադրվել էր գերմանացիների հետ համագործակցության արդյունքում: Ավարտելով ուսումն ակադեմիայում, Պինոչետը ծառայության անցավ չիլիական բանակում: 1956թ. նա ուղևորվեց Էկվադոր: Մեկ տարի անց նա վերադարձավ Չիլի և շարունակեց ծառայությունը: 1968թ. Պինոչետը ստացավ գեներալի կոչում, ինչպես նաև դարձավ Տագարասա նահանգի նահանգապետ: 1970թ. աշնանը Չիլիում ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանության եկավ սոցիալիստ Սալվադոր Ալյենդեն: Պինոչետը, ով Ալյենդեի վաղեմի ընկերն էր, նոր իշխանության մեջ բարձր ռազմական պաշտոններ սկսեց զբաղեցնել: Մասնավորապես, 1972թ. նա ցամաքային զորքերի հրամանատարն էր: Մեկ տարի անց Պինոչետը կարողացավ իր պաշտոնից հեռացնել բանակի հրամանատար Կառլ Պրատսին: Հետագայում Պրատսն իր հուշերում գրում էր, որ իր հեռանալը ռազմական հեղաշրջման նախօրյակին դավաճանական քայլ էր: Ալյենդեի քաղաքականության հետևանքով չիլիական տնտեսությունը կրախի եզրին հայտնվեց: Իրավիճակից անմիջապես օգտվեցին զինվորականները: 1973թ. ամռանը տեղի ունեցավ պուտչի առաջին փորձը, երբ տանկերը գնդակոծեցին նախագահական նստավայրը: Այն, սակայն, անհաջողությամբ պսակվեց:
Հուլիս ամսվա վերջին բեռնատարների վարորդները գործադուլ սկսեցին: Երկրում արտակարգ դրություն հայտարարվեց: Այդ ժամանակ, ինչպես նշվեց, Պինոչետը դարձավ զինված ուժերի գլխավոր հրամանատար: Հենց նա էլ, օգտվելով առիթից, արդեն սեպտեմբեր ամսին զենքի ուժով վերցրեց իշխանությունը: 1973թ. սեպտեմբերի 11-ին գեներալ Պինոչետը ռազմական հեղաշրջում կազմակերպեց: Այդ օրն առավոտյան չիլիական զինվորական կորպուսների ռադիոկապերում լսվեց հետևյալ արտահայտությունը. «Սանտիագոյում անձրև է տեղում»: Դա ռազմական հեղաշրջման մեկնարկի ազդանշանն էր: Ռազմական հեղաշրջմանը մասնակցել են տարբեր զինվորական ստորաբաժանումներ, գումարած օդուժը: Ռազմական հեղաշրջման արդյունքում «Լա Մոնեդա» նախագահական նստավայրում սպանվեց Այլենդեն, ով կտրականապես հրաժարվում էր հանձնվել:
Այսպիսով իշխանության եկավ Պինոչետը: Իշխանության գալուց հետո Պինոչետը հայտարարեց, որ երկիրը կարգի բերելուց հետո զինվորականությունը կվերադառնա զորանոցներ և երկիրը կրկին ժողովրդավարական ուղու վրա կդրվի: Իրականում, ինչպես զենքի ուժով իշխանության եկած ցանկացած բռնապետի պարագայում, այնպես էլ Պինոչետի դեպքում, այդ խոստումներն առաջին իսկ օրվանից հօդս ցնդեցին: Իշխանության առաջին իսկ օրերից Պինոչետը հայտարարեց «Ներքին պատերազմական» դրության մասին: Սկզբնական շրջանում բանտեր նետվեցին կամ ոչնչացվեցին ռազմական հեղաշրջումը չպաշտպանած զինվորականները: Նրանց թիվը հազարների էր հասնում: Այնուհետև բռնաճնշումների սկսեցին ենթարկվել քաղաքական ընդդիմադիրներն ու սովորական մարդիկ: 1974 թվականին Պինոչետն օրենք ընդունեց այն մասին, որ այդուհետ ինքն է իշխանության բարձրագույն կրողն ու օժտված է անսահմանափակ լիազորություններով:
Պինոչետի ռեժիմի սարսափն ընգծելու համար ընդամենը մեկ բան է պետք նշել: Պինոչետը շատ հաճախ նշում էր, որ Չիլիում անգամ մի տերև չի շարժվի, եթե ինքը չկամենա: Պինոչետի ռազմական խունտայի ժամանակաշրջանում արգելված էին բոլոր կուսակցությունները՝ բացառությամբ ֆաշիստականների: 1974թ. ստեղծվեց երկրի գաղտնի ոստիկանությունը, որի գործառույթը քաղաքական ընդդիմադիրների հայտնաբերումն և ոչնչացումն էր: Դա «DINA» կոչվող հատուկ ծառայությունն էր, որը Պինոչետի ռեժիմի հակառակորդներին կարողանում էր անգամ արտասահմանում ոչնչացնել: Այդպես 1974թ. Արգենտինայում սպանվեց Կառլոս Պրատսը, իսկ երկու տարի անց Վաշինգտոնում սպանվեց արտաքին և ներքին գործերի նախարար Օռլանդո Լետելյերան: Տարբեր տվյալներով՝ գաղտնի ոստիկանության մեկուսարաններում տանջամահ էր արվել մինչև 30 հազար մարդ:
Պինոչետի ռեժիմը սկզբնական շրջանում տնտեսական ոլորտում կատարած փոփոխություններով զգալի առաջընթաց գրանցեց: Տնտեսական ցուցանիշներն աճում էին, սակայն քաղաքական տեռորի պայմաններում տնտեսական աճի վայելքը զգալը տրված էր միայն իշխող քաղաքական էլիտային: Չիլիացիների մեծ մասը կա՛մ գործազուրկ էր, կա՛մ աղքատ: Հետագայում Չիլիում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք մեծ դեր խաղացին դեպքերի հետագա զարգացման վրա: 1983թ. երկիրը բախվեց տնտեսական ճգնաժամի խնդրին: Երկրում շեշտակիորեն աճել էր գործազրկությունը: Այն կազմում էր շուրջ 30 տոկոս: Չիլիի հասարակական կյանքում բեկումնային շրջան սկսվեց: Մարդիկ հասկացել էին, որ այլևս կորցնելու ոչինչ չունեն և պատրաստ էին ռեժիմի դեմ բացահայտ առճակատման գնալ: Երկրի հասարակական ակտիվ զանգվածի փոքրաթիվ և ողջ մնացած ներկայացուցիչները սկսեցին մտածել զանգվածային, հրապարակային միջոցառումների մասին: Առաջին ընդվզումը տեղի ունեցավ չիլիական հանքավայրերում: Այդ ժամանակ հանքափորներն իրենց առաջնորդ Ռուդոլֆ Սեգեդի գլխավորությամբ որոշեցին գործադուլ սկսել: Հանքափորությունն այդ շրջանի Չիլիի ամենակայուն եկամտաբեր աշխատանքներից էր: Ռուդոլֆ Սեգեդեն մասնագիտությամբ հաշվապահ էր և «Արհմիությունների ազգային կոնգրեսի» նախագահը: Գործադուլից մեկ շաբաթ առաջ կառավարական զորքերը շրջապատեցին հանքավայրերը: Արդեն պարզ էր, որ իշխանությունն արյան մեջ խեղդելու էր այդ ըմբոստությունը: Ընդդիմությունը ստեղծված իրավիճակում բախումից խուսափելու համար պետք է կարողանար արագ փոխել իր մարտավարությունը:
Գործադուլի մեկնարկի օրը համազգային հանրահավաք հայտարարվեց: Մինչ հանրահավաքը կսկսվեր նրանք կարճ ժամանակահատվածում պետք է շարժման մեջ ներգրավեին նաև մնացած արհմիությունների աշխատակիցներին և ամբողջ երկրին: Բողոքի ակցիայի օը մարդիկ քայլում էին Սանտիագոյի փողոցներով գդալներով հարվածելով դատարկ կաթսաներին: Ակցիայի հաջորդ օրն ամբողջ Չիլին էր խոսում տեղի ունեցածի մասին: Երկրում քաղաքացիական լրջագույն մի շարժում էր ձևավորվում: Մարդիկ սկսում էին հավատալ սեփական ուժերին: Ակցիայի հաջորդ օրն ընդդիմադիր առաջնորդները խորհրդակցության ժամանակ որոշեցին այդպիսի ակցիաներ կազմակերպել ամեն ամիս: Իշխանությունները հայտնվել էին փակուղու առջև, քանի որ գործընթացները բացառապես խաղաղ բնույթ էին կրում: Հանրահավաքները գնալով ավելի մարդաշատ էին դառնում, և մարդիկ սկսել էին հավատալ, որ ցույցերը կարող են ինչ-որ բան փոխել:
Իրականում Պինոչետը չէր պատրաստվում հանձնվել: Իշխանությունը սկսեց բռնի ուժի գործադրմամբ ցրել այդ հավաքները, սակայն մարդիկ այլևս չէին վախենում: Պինոչետը նոր վարչապետ նշանակեց: Դա Սերխիո Խարպան էր, ում հանձնարարված էր երկխոսություն սկսել ընդդիմության հետ: Այնուամենայնիվ, հենց նույն օրը մայրաքաղաք մտան կառավարական զորքերը: Իշխանությունը ցրեց հավաքները, որի ժամանակ 80-ից ավելի մարդ սպանվեց: Երկիրը կանգնած էր համընդհանուր ապստամբության շեմին: Չիլիական կաթոլիկ եկեղեցին պատրաստակամություն հայտնեց միջնորդ հանդիսանալ ընդդիմության և իշխանության միջև: Նոյեմբեր ամսին Պինոչետը տոնում էր իր տարեդարձը և այդ ժամանակ նա վարչապետին հրամայեց դադարեցնել ընդդիմության հետ երկխոսությունը: Նա վստահ էր, որ արդեն իսկ բավարար չափով զիջումներ են կատարվել: Երկրում վերացվել էր գրաքննությունը և կային որոշակի քաղաքական ազատություններ: Ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, գտնում էին, որ որևէ ձեռք բերում չկա: Ռեժիմը շարունակում էր դաժանությամբ ցրել հավաքները: 1985թ. նոյեմբեր ամսին 500 հազար մարդ դուրս էր եկել փողոց: Ընդդիմության առաջնորդներից Գաբրիել Վալդեսը ելույթ էր ունենում «Ազգային համաձայնություն» հասարակական միավորման անունից, որն իր մեջ ներառում էր կաթոլիկ եկեղեցին և 11 ընդդիմադիր կուսակցություններ: Գաբրիել Վալդեսը ժողովրդին կոչ էր անում աջակցել «Ազգային համաձայնությանը», այլապես երկրում քաղաքացիական պատերազմ կսկսվեր: Իշխանությունների դաժանությունները և երկրում առկա տնտեսական ճգնաժամը լրջագույն ազդակ կարող էին հանդիսանալ քաղաքացիական պատերազմի բռնկման համար: Իրավիճակը սարսափելի էր հատկապես մարզերում, որտեղ մարդիկ բացեիբաց դուրս էին գալիս ռեժիմի դեմ: Չիլիական ոստիկանությունն այդտեղ գործում էր առավել դաժան, քան մայրաքաղաք Սանտիագոյում: Մարզերում մարդկանց ձերբակալում էին տասնյակ հազարներով: Ձերբակալվածների քանակն այնքան մեծ էր, որ հարցաքննությունները և հետագա գործողությունները կատարում էին մարզադաշտերում: Շատերը դատապարտվում էին առանց պատճաշ դատական գործընթացի: Ձերբակալվածներից ոմանք մահապատժի էին ենթարկվում հենց մարզադաշտերում, իսկ ոմանք էլ անհետ կորում էին: Սանտիագոյի «Ազգային» անունը կրող մարզադաշտը չիլիկան ամանեհայտնի համակենտրոնացման ճամբարն էր, որտեղ տեղի էին ունենում հիմնական գնդակահարությունները: 1988թ. վերջին Պինոչետը որոշեց հանրաքվե անցկացնել իր իշխանությունը երկարաձգելու համար: Չիլիացիները հնարավորություն ունեին կողմ կամ դեմ քվեարկել առաջարկվող նոր նախագծին, ըստ որի՝ Պինոչետը ևս 8 տարի շարունակելու էր պահպահել իր իշխանությունը: Պինոչետը բավականին ինքնավստահ և կտրված էր հասարակությունից: Նա չէր կասկածում իր հաղթանակում: Ընդդիմությունը, որը վերջին 5 տարիներին բավականին թրծվել էր, հասկանում էր, որ այդ հնարավորությունը պետք էր օգտագործել: Ընդդիմության անդամները գտնում էին, որ դա եզակի հնարավորություն էր և լավ պատրաստվելու դեպքում հնարավոր էր լինելու հաղթել ռեժիմին: Կային նաև այնպիսինները, որոնք երկմտում էին ռեժիմի կողմից իրականացվող միջոցառմանը մասնակցելու արդյունավետության հարցում, սակայն վերջիվերջո տեղի տվեցին, և ընդդիմությունը միահամուռ դուրս եկավ ամենակարևոր ճակատամարտին: Ընդդիմադիր հազարավոր ակտիվիստներ՝ երիտասարդների և ուսանողների գլխավորությամբ, քարոզչական թղթերով և պոստեռներով զինված այցելում էին մարզեր և մարդկանց բացատրում, որ առանց սեփական կյանքի համար վախենալու պետք է գնալ և քվեարկել «Ոչ»: Քարոզիչներին սկզբնական շրջանում մարդիկ թերահավատորեն էին մոտենում, քանի որ, ինչպես նշեցինք, համատարած տեռորի պայմաններում հասարակության մեջ վստահությունը բավականին թույլ էր: Այնուամենայնիվ, շատ կարճ ժամանակ անց ընդդիմադիր ակտիվիստները և իրենց գաղափարները մեծ մասսայականություն սկսեցին ձեռք բերել հասարակության շրջանում: Քարոզարշավի ընթացքում պլանավորվում էր ներկայացնել տեսահոլովակներ, որոնք ցույց կտաին այդ սարսափելի դեպքերը: Այնուամենայնիվ, ընդդիմության ամերիկացի խորհրդատուներն առաջարկեցին քարոզչության այլ միջոց: Նրանք գտնում էր, որ քարոզչության շեշտը պետք է դրվեր ոչ թե բացասականի, այլ դրականի վրա: Մարդիկ պետք է կտրվեին առօրյա բացասական իրականությունից և դրական լիցքերով լիցքավորվեին: Պետք էր մշակել նոր ռազմավարություն, որն ուղղված կլիներ ոչ թե սարսափելի անցյալը ցույց տալուն, այլ լուսավոր ապագան նախագծելուն: Եվ դա արվեց: Քարոզչական հոլովակներում մարդիկ երգելով, պարելով, ժպտալով կոչ էին անում գնալ և «Ոչ» քվեարկել հանուն բռնապետական ռեժիմի տապալման և Չիլիի բարգավաճման: 1988թ. սեպտեմբերի 5-ին հանրաքվե անցկացվեց: Օրվա ընթացքում պարզ էր դառնում, որ Պինոչետը պարտվում է: Երեկոյան Պինոչետը խորհրդակցություն էր անցկացնում իր գեներալների հետ: Շատերը նշում են, որ նա կողմնակից էր ուժով իշխանությունը պահելուն, սակայն գեներալիտետի մի մասը դեմ էր դրան: Ինչևէ, հանրաքվեի արդյունքում պարզ դարձավ, որ Պինոչետը պարտվել է և ստիված էր ընդունել իր պարտությունը: Իշխանությունից հեռանալուց հետո՝ 1998 թվականին նա ձերբակալվեց Լոնդոնում: Ձերբակալությունը կատարվեց իսպանական դատարանի որոշմամբ, քանի որ Պինոչետի ռեժիմի զոհ էին դարձել նաև իսպանացիները: Տասնվեց ամիս Լոնդոնում տնային կալանքի ենթարկվելուց հետո նա վերադարձավ Չիլի: Չիլիում նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց, որը տարբեր փուլերով տևեց մինչև բռնապետի մահը: 2005-2006թթ. Պինոչետի նկատմամբ մեղադրանքներն ավելի խիստ բնույթ սկսեցին կրել: 2006թ. դեկտեմբերի 10-ին չիլիացի ռազմական բռնապետը մահացավ Սանտիագոյի հիվանդանոցներից մեկում: Նրա մահվան օրը հազարավոր չիլիացիներ դուրս եկան փողոցներ տոնելու բռնապետի մահը:
Ընդհանուր առմամբ, տարբեր տվյալներով՝ Պինոչետի ռեժիմի զոհ է դարձել շուրջ 40 հազար մարդ: Նրանցից շատերի բարեկամները հարազատները մինչ օրսր ֆինանսական փոխհատուցում են ստանում իշխանությունների կողմից: