ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Խաչատրյանի պատասխանը «Ժողովուրդ» օրաթերթին․
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը և նույն խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը հանդես են եկել ««Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությամբ։
Վերջիններս առաջարկում են մասնավորեցնել գերեզմանատները։ Հիմնավորելով օրենքում փոփոխություն անելու անհրաժեշտությունը՝ նախաձեռնության համահեղինակ, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հ․ Բիշարյանն ասել է․ «Դա հնարավորություն է տալիս բեռնաթափել ողջ գերեզմանատները։ Եվ այդ գերեզմանատներում, ինչպես դիակիզման օրենքն է թելադրում, 15 տարի հետո մահացածի աճյունը կարող են սափորել և դրանով նաև նոր տեղեր առաջացնել գերեզմանոցներում»։
ՀԱՐՑ․ Ինչպե՞ս եք վերաբերում այս նախաձեռնությանը և որքանո՞վ եք իրատեսական համարում դրա ընդունումը։
ՊԱՏԱՍԽԱՆ․ Կարող են լինել լավ օրենքներ, փայլուն նախագծեր, սակայն հարցն այն է, թե որքանով են այդ օրենքները կիրառվում։ Եվ եթե ասվում է, որ այս նախագծի ընդունմամբ կոռուպցիոն ռիսկերը կսահմանափակվեն, ես վերապահումով եմ մոտենով։ Ո՞վ կարող է բացառել, որ այս օրենքով ստվերային առուծախ չի լինի, և գերեզմանատները չեն վերածվի բիզնեսի աղբյուրի։ Ո՞վ կարող է բացառել, որ այս օրենքով մոնոպոլիան չի տարածվի մասնավոր գերեզմանատների վրա։ Ինչ վերաբերում է դիակիզմանը, օրենքի այն կետին, որ 15 տարի հետո մահացածի աճյունը կարելի է սափորել, ես դեմ եմ այդ գաղափարին և, առհասարակ, դիակիզմանը։ Որպես քրիստոնյա՝ կարծում եմ, որ մարդու աճյունը պետք է հանձնել հողին, և նա այնտեղ պետք է հանգչի ընդմիշտ։



