Ռեժիսոր

Եթե թույլ կտաք, ես փորձեմ իմ մասնագիտական երևակայությամբ ներկայացնել այսօրվա մեր իրավիճակը: Մի վայրկյան պատկերացրեք, որ Շեքսպիրի «Համլետն» են բեմադրել, ու այն պահն է, որ Համլետը ներկայացման վերջում մենամարտում է Լաերտի հետ: Մեկ էլ հանկարծ հանդիսատեսի միջից մի խելառ հավատում է, որ դա իրականություն է, ու սուրը քաշած վազում է բեմ՝ պաշտպանելու Համլետին: Հերիք չի, որ ինքը վազում է բեմ, դեռ մի բան էլ կոչ է անում մարդկանց, որ իր հետ գնան ու կռվեն արդարության համար: Երբ այս խելառը սուրը քաշած վազում է Լաերտի ուղղությամբ, ի զարմանս իրեն հենց Համլետն ու բեմում կանգնած երկրորդական դերասաններն են, որ հարձակվում են նրա վրա ու սկսում պաշտպանել Լաերտին: 
«Այ մարդ, դու՞ որտեղից եկար, չլինի՞ ուզում ես խլել մեզանից մեր աստղային ժամը,–գոռում են չորս կողմից:-Ձեր տեղը դահլիճում նստելն է ու ծափ տալը կամ ծիծաղելը, երբ ձեզ ասում են՝ ծիծաղեք, կամ լացելը, երբ դա է պահանջվում, լավագույն դեպքում կարող եք ծաղկեփնջեր նետել բեմ, էն էլ ներկայացումից հետո միայն, հոտնկայս ծափահարելուց»,– գոռում էին խելառին միացած հանդիսատեսի վրա: Էս սցենարը գրողը ձեզ հաշվի չի առել, դուք էստեղ դերակատարումներ չունեք, ձեր գործը խելոք, հնազանդ ու ենթարկվող հանդիսատես լինելն է:
Ես սկսում եմ կասկածել, որ իրոք մենք հայտնվեցինք նման մի բեմադրության մեջ: Սկսած Հայրիկյան-էպոսագետ նախաբանից, մինչև Ազատության հրապարակում եռավանկ բառեր վանկարկելը մեզ կոնկրետ հանդիսատեսի իրավունք էր տրված, իսկ մենք «էշ-էշ» հավատացել ենք այս տրագիկոմեդիային և բեմ ենք բարձրացել հանուն արդարության: ՄԵՆՔ` հենց բառի տառերի նման իրարից տարբեր ու անկախ, հենց տարբերվում ենք բոլորից նաև նրանով, որ մենք իրար նույնիսկ չենք էլ ճանաչում: Մեզ միացած մարդիկ ապրում են երկրագնդի տարբեր հատվածներում, և չկա թեկուզ մի խումբ, մի խմբակցություն, այլ անհատ անկախ մարդիկ, որ նույն ցավն ունեն ու նույն նպատակը, իսկ դա արդեն վտանգ է բոլոր նրանց համար, ովքեր սցենարով են շարժվում, ովքեր ընդունակ են անել միայն այն, ինչ իրենց ասում է ինքը` «Գլխավոր Ռեժիսորը», իսկ ամենից շատ մտահոգված են այն երկրորդական դերակատարները, ովքեր այս հինգ տարի մասնակցել են փորձերին, ում հաջորդ «բեմադրության» մեջ (թեկուզ ավելի փոքր քաղաքի մասշտաբով բեմադրության) ավելի մեծ դեր են խոստացել: Չլինի՞ հանկարծ էս հանդիսատեսը այնքան իրական խաղա, որ դերերը նրանց տրվի... Չգիտեմ՝ ծիծաղե՞մ, թե՞ լամ, որ հայտնվել եմ այդ խելառի իրավիճակում ու հիմա արդեն չեմ զարմանում, որ ամենաբարձրը գոռում են հաջորդ ներկայացմանը գլխավոր դերերի ցուցակում հայտնվածները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել