Հաճախակի ենք լսում Զատկի տոնին ընդառաջ հավկիթի թանկացման մասին, ինչքանով է ճիշտ կամ սխալ կամ խեղաթյուրված ինֆորմացիան, չգիտեմ, բայց հակված եմ հավատալ դրան, քանի որ մեր իրականության մեջ կարծես հակառակ՝ «թարս» լինի: Տոներին ընդառաջ պետք է ապրանքների ու ծառայությունների էժանացում նկատվի, այլ ոչ շեշտակի թանկացում:
Օրինակ` հավկիթը թանկանում է Զատկի տոնին ընդառաջ, ծաղիկը թանկանում է Մարտի 8-ին, սեպտեմբերի 1-ին, Վալենտինի օրը, ինչպես նաև մեռելոցների օրերին: Միսը թանկանում է Ամանորի նախօրյակին, ինչևէ, այս ցանկը կարող ենք շարունակել, սակայն կարևորն այստեղ տոների կամ առիթների օգտագործումն է մեծ շահույթ ստանալու համար: Մինչդեռ պետք է նաև այդ իրականությանը նայել բարոյական տեսանկյունից: Միգուցե բիզնեսի օրենքներում դա հարգի և ընդունելի է, բայց կարծեմ այդ բիզնեսից ուրիշ երկրներում էլ են անում, օրինակ՝ եվրոպական երկրներում տոներին ընդառաջ զեղչային տարափ է սկսվում, իսկ մեզ մոտ` «Զատկին ընդառաջ ձուն է թանկանում»:
Այստեղ կարծեմ ՏՄՊՊՀ կոչվող կառույցն ունի հսկայական անելիք, ոչ միայն նման դեպքերի կանխարգելման, այլև առևտրի համակարգում մշակույթ ձևավորելու հարցում: Վերջապես մանր, միջին կամ խոշոր առևտրականը պետք է հասկանա, որ Զատկի տոնին ընդառաջ ձվի թանկացումը անընդունելի է՝ աչքի առաջ ունենալով նաև այսօրվա սոցիալ-կենցաղային վիճակը: Ուստի մի զրկեք մարդկանց ձու ներկելու ու Զատկի տոնին պատշաճ մասնակցելու հնարավորությունից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: