«Ես կարծում եմ, որ դրանք ձևական քայլեր են, որոնք չեն բերի խնդրի լուծմանը։ Ընդհանրապես, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փորձերի ժամանակ շատ քայլեր ձևական են արվում, որոնք միայն ինչ-որ գործունեության կամ առաջընթացի իմիտացիա են ստեղծում, և ոչ մի արդյունքի չեն հանգեցնի։ Իրադրությունը պետք է դուրս գա Ռուսաստանի ազդեցությունից, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի ինչ-որ լուծումների հույս ունենալ։


Քանի դեռ Ռուսաստանն առնչություն ունի հայ-ադրբեջանական հակամարտությանը, խնդիրը լուծում չի ստանա, քանի որ Պուտինի կառավարությունը շահագրգռված է հակամարտության որոշակի աստիճանի պահպանմամբ, շահագրգռված է, որ Ռուսաստանի շուրջը լինեն լարվածության օջախներ, որոնցում Կրեմլը կարող է մասնակցել այս կամ այն կերպ»,- մեր թղթակցին ասել է խորհրդային այլախոհ, ռուս իրավապաշտպան, լրագրող և հասարակական գործիչ Ալեքսանդր Պոդրաբինեկը՝ մեկնաբանելով Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը, ըստ որի՝  Հայաստանը պնդում է նվազեցնել անվտանգության սպառնալիքների մակարդակը նախքան բովանդակային երկխոսություն սկսելը, սակայն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները մնում են թղթի վրա, իսկ վերջերս հայտարարվեց միջնորդների կողմից նոր պայմանավորվածության ձեռքբերման մասին, որ միջազգային դիտորդների թիվն ավելանալու է 7-ով։


Ըստ նրա՝ ռուսական ազդեցության շրջանակից դուրս գալը բավականին բարդ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դեպքում, եթե նրանք իսկապես հետաքրքրված են այդ խնդիրը կարգավորելու հարցում. «Բայց որևէ այլ ելք ուղղակի չկա։ Ռուսաստանը կշարունակի զենք վաճառել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, և ամեն դեպքում այս հակամարտությունը կպահի առնվազն «ծխացող» վիճակում՝ սրելով այն ժամանակ, երբ դա քաղաքականապես ձեռնտու կլինի Կրեմլին։ Երբ ասում եմ՝ «Ռուսաստան», ես, իհարկե, նկատի ունեմ այսօրվա ՌԴ իշխանություններին, և ոչ թե ռուս հասարակությանը, ժողովրդին կամ ընդհանրապես երկիրը:


ՌԴ իշխանությունները հետաքրքրված են, որ իրենց սահմանների մոտ հակամարտություններ լինեն, և իրենք իբրև թե կարգավորողի դերում հանդես գան։ Թե ինչպե՞ս դուրս գալ այդ իրավիճակից, բավականին բարդ է, որովհետև և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, կարծում եմ՝ Հայաստանն ավելի շատ, կապված է ռուսական տնտեսությանը, ռուսական քաղաքականությանը։


Կարծում եմ՝ ճիշտ ուղին այդ կապերի նվազեցումն ու թուլացումն է և ավելի շատ անկախության ձեռքբերումը՝ գուցե երկրի արտաքին քաղաքականությունում ավելի շատ շեշտադրում անելով դեպի Եվրոպա, դեպի ժողովրդավարական երկրներ, որոնք սկզբունքորեն կարող են աջակցել Հայաստանին։ Բայց դա պետք է լինի Հայաստանի ներքին քաղաքական որոշումը»,- ասել է ռուս գործիչը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել