ԱԺ պատգամավոր, Համազգային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը հայկական կինոյի մասին հպարտությամբ է խոսում, ասում է` համաշխարհային կինոյի ընթացքի մեջ դիտարկելով մեր կինոն, համոզվել է, որ այն ամենեւին էլ լուսանցքված չէ: Սիրելի ֆիլմեր ունի` Հենրիկ Մալյանի ՙԵռանկյունին՚, ՙՄենք ենք, մեր սարերը՚, դովլաթյանական ՙՍարոյան եղբայրները՚,ՙԵրեւանյան օրերի խրոնիկան՚, Փելեշյանի շարքերը, Միքայել Վարդանովի ՙԹթենին՚ …ՙՄեր բեկնազարյանական սկիզբն եմ սիրում ,արժանապատվությունս շոյվում է, որ նման կինո ենք ունեցել…՚,-ասում զրուցակիցս: Նաեւ հավելում, որ երբ դառնանում է մեր իրականույթունից, բարի հուսո օազիսներ մշակույթի մեջ է գտնում. ՙԴժվար է այսօրվա հայացքով հայ կինոյի մեծ ձեռքբերումների մասին խոսել, բայց նաեւ ունենք հզոր կինոբեռ, որը պարտավորեցնող է:
Օրինակ, մալյանական ՙԲարեւ ես եմ՚-ը գլուխգործոց է, մարդկայնության, գեղարվեստի բարձր չափանիշ, նշան է, այլ տերմինով` իկոն: Նույնը կարելի է ասել ՙԵրեւանյան օրերի խրոնիկայի՚ համար: Վերջին հաշվով Փարաջանովի ֆենոմենը կա: Նրա ՙՆռան գույնը՚ ինչքան էլ համաշխարհային համապատկերի վրա տեղավորենք, այնքան էլ իմն է, իմ արմատից է գալիս: Պետք է ակնածանք ունենաք մեր կինոբեռի հանդեպ ու մեր շարունակությունը հենց դրա վրա կառուցենք՚: Խոսելով վերջին տարիներին ստեղծված ֆիլմերի մասին ԱԺ պատգամավորը նշում է. ՙԿարծեմ վերջին շրջանում 500 ֆիլմ ենք արտադրել: Ինձ մշակութային մարդ համարելով մշտապես հետեւում եմ կինոյի զարկերակին, բայց երբեմն ինձ ՙբռնացնում՚ եմ այն մտքի վրա, որ արտադրված ֆիլմերի երեք տոկոսին եմ ծանոթ: Եվ չեմ կարծում, թե մեղքն իմն է: Մեր մշակութային մայրուղիները այնքան խցանված են աղբով եւ միաժամանակ մարգարիտով, որ նույնիսկ ոչ թե պարզ ունկնդրի հայացք է պետք, որպեսզի կարողանաս թեփը ցորենից զանազանել, այլեւ տաղանդ ու շնորհք: Պիտի կինոքաղաքականության եւ ընդհանրապես առողջ մշակութային քաղաքականության մասին մտածենք, այն քաղաքականության, որը պարտավոր է շեշտը դնել իրական արժեքների վրա, հմտություն ունենա բարձրացնելու համատարած խցանված հոսքերի միջից ապրողը, կենսունակը, վավերականը՚: Անդրադառնալով գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի վերջերս արտահայտած այն մտքին, թե Հոլիվուդը եկել-խցկվել է մեր տները, Լիլիթ Գալստյանը ասաց. ՙ Ռուբեն Հովսեփյանի հետ, անշուշտ, պիտի համաձայնեմ, բայց ոչ միայն Հոլիվուդի նեղ սահմանի մեջ… Հոլիվուդն այսօր չափանիշ կամ ընդհանուր հավաքական պիտակ է, բրենդ է ժամանակակից, ինչպես ֆաստֆուդը, իզիռիդինգը, դրանք հանրամատչելի, մակերեսային, արագ կյանքի, ժամանակ չունենալու եւ կյանքին վատ իմասով համընթաց գնալու պարտադրանք ու արդյունք են:
Մի կողմից կյանքը վազում է, ժամանակներն ավելի արագացել են, եւ դու չես կարող չլինել Facebook-ում, Twitter-ում, լրահոսում, դրա հետ մեկտեղ էլ, արդեն Մարկես, Տոլստոյ կամ Դոստոեւսկի կարդալու հոգեվիճակ չես ունենում: Բայց միեւնույն է` կյանքում կան արմատական, խնկարկելի արժեքներ, որոնց հետ չես կարող հաշվի չնստել: Արդեն նշեցի, որ Համո Բեկնազարյանի անվան ՙՀայֆիլմ՚ կինոստուդիայում արտադրված ֆիլմերը, որոնք Սասունցի Դավթի արձանի կոչնակով էին, արժեքավոր էին ու չափանիշ, ինպես Չապլինն ամերիկյան կինոյի համար, ինչպես խորհրդային կինոյի գլուխգործոցներից Սերգեյ Էյզեյնշտեյնի ՙБроненосец Потемкин՚-ը …Այժմ նահանջներ ունենք, որոնք չեն կարող իրենց հետագիծը չթողնել ֆիլմմտածողության եւ ֆիլմարվեստի վրա՚: Լիլիթ Գալստյանը փաստում է, որ աշխարհի հետ երկխոսության լավագույն ձեւը մշակութայինն է, մասնավորապես` կինոերխոսությունը. ՙԱյն ամենաանկեղծն է, ամենաազդեցիկը, ամենապարտադրողը: Մի պարզ օրինակ, ես հրեաների ցեղասապանության մասին բազմաթիվ գրքեր եմ կարդացել, բայց ինձ համար Սթիվեն Սփիլբերգի ՙՇինդլերի ցուցակը՚ ֆիլմը հոլոքոստի արժեւորման վերջնակետն է` երաժտությունից մինչեւ դերասանական խաղ ու օպերատորական աշխատանք: Մեզ համազգային հաղթանակներ են պետք` կինոյի լեզվով նույնպես, ու դրա մեջ կարեւոր է պետության հայացքը: Հինգերորդ տարին է, երբ բյուջեի քննարկումներ ենք ունենում, երբեմն հակված եմ լինում մտածել, թե կինոյին տրվող գումարները փոշիացվում են: Պատճառներից մեկն այն է, որ Խորհրդային միությունից մի ժառանուգթյուն ենք բերել, եւ համարձակություն չունենք այնտեղ արժեքների ռեվիզիա անելու: Կինոքաղաքականություն վարողները պետք է ամեն ինչ վերանայեն, լինեն հավասարատես: Ցավոք, այլեւս ծաղրածուատեսակն է մտել մեր արվեստի չափանիշների մեջ, ու KBH-ականությունը` մշակությաին դաշտ: Ժամանակն է նաեւ պայքարել խորհրդանիշերի էժանացման ու կարծրատիպերի դեմ, որի միակ ճանապարհը տաղանդավոր մարդկանց համար համապատասխան միջավայր ստեղծելն է: Չէ՞ որ ոչ մի գրանտով կամ նվիրատվությամբ տաղանդ չես ձեւավորվի։
ՕՖԵԼՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ
ԿԻՆՈԱՇԽԱՐՀ, 2012, թիվ 2