Փողոցում քայլելիս եթե մեկը բարձր հայհոյի կամ որևէ անպարկեշտ բառ ասի, ապա համոզված եմ` մեզնից յուրաքանչյուրն իր վրդովմունքը մի ձև կարտահայտի: Բայց եթե փողոցը ու խուժան տղայի բառապաշարը տեղափոխվում են գրական դաշտ, բոլորը նախընտրում են լռել և չլսելու տալ, ոմանք էլ արդարացնել` իբր դարի թելադրանքն է, իբր ազատ մարդկանց ազատ մտածելակերպի արդյունք է: Միանշանակ խաբկանք է, որը խայծի պես կոկորդներիս է կանգնել ու չենք իմանում` ինչ անել:
Արտակ Վարդանյանի "Ազատ գոտին" էի դիտում, թեման` "Բաց գրականություն" : Ոմանք իրենց գրող են համարում, բաժանվել են կլանների ու ոհմակով իրար դեմ են դուրս գալիս, հոշոտում են: Փոքր երկրի մեծ բարդույթների դրսևորում է սա և ոչինչ ավելին...Ցավոք: Ես զարմանում եմ, ախր ոչ միայն երիտասարդներն են լպիրշության ճամփան բռնել, այլև աղջիկները` 16-25 տարեկան: Սանձարձակությունը մոդայիկ երևույթ է դարձել մեզանում: Մի աղջկա գրած պատմվածք եմ կարդում: Քիչ է ամեն երկրորդ բառը հայհոյանք է, մի հատ էլ նկարագրում է, թե ինչպես է եկել աշխատանք գտնելու, իսկ այդ հիմնարկությունում տնօրենը բոլոր աշխատակցուհիներին գործից չազատելու համար տիրացել է /շատ մեղմ եմ ասում/, իրեն ևս: Ու չեք պատկերացնի` որքան հպարտությամբ, եռանդով է գրում..Կհասկանայի, եթե որևէ պոռնիկի օրագրի մեջ լիներ գրառումը, բայց քիչ է գրել է, նաև տպագրել են: Երևի իր նկարագրած մեթոդը գործի է դրել, ինչ իմանամ?!
Ոմանք իրենց սեռական ակտերն են նկարագրում ու համոզում, որ սա է արդի գրականության լուսավոր ճամփան:
Մեղքի մի մասն էլ համոզված եմ` ընկած է նրանց սատարողների ու տպագրողների վրա: Ինչպես աղանդներն ու միասեռականության քարոզներն են տարածում գտել մեր երկրում, ու ով գիտի, թե հատուկ պատվերով դրսից` երկիրը քայքայելու ու այլասերելու նպատակով չեն արվում, նույնն էլ ենթադրում եմ այս գործում ևս ինչ-որ մեկի մատը խառն է: Գուցե սխալվում եմ, բայց ուրիշ պատասխան դեռևս չեմ կարողանում գտնել:
Խոսում են ցենզուրայի մասին ու մոռանում, որ ԽՍՀՄյան ցենզուրայի ժամանակներում նույնիսկ թե' Հայաստանում, թե' Ռուսաստանում ինչ հանճարեղ ստեղծագործություններ, ֆիլմեր ու ներկայացումներ են ծնվել:
Հիշում եմ, երբ 13 տարեկանում Ժորժ Սանդ կամ Մ. Միտչել էի կարդում: Սիրային տեսարանները ճաշակով նկարագրված, ողջ ամբողջապես բաց, բայց էսթետիկապես ընդունելի ու ընկալելի, հետաքրքրություն էին առաջացնում, սակայն գարշանք կամ այլասերություն չէին տարածում:
Մի անգամ խոսել եմ ու նորից եմ ասում, որ արվեստի լեզուն պետք է ամեն կերպ ձգտի գեղեցիկին, տգեղը, գարշելին պետք է հակառակ կողմն էլ ունենան, վեհին ձգտելու, հասնելու հնարավորություն ունենան:
Միշտ կարծել եմ, որ արվեստով զբաղվող յուրաքանչյուր անձ պետք է լավ իմանա այն, ինչ իրենից առաջ ասել ու արել են վաղուց: Հերքելու դեպքում անգամ, հիմնավորված ասելիք ունենա: Մտքիս եկավ Բերգմանի վերջին ֆիլմը`"Սարաբանդան":Տեսած կլինեք կարծում եմ: Հիշում եք այն տեսարանը, երբ նախկին ամուսինները որոշում են միասին քնել:Կինը մերկ է, պառկած է:Ամուսինն էլ մտնում է ննջարան, նա էլ է մորեմերկ, ընդ որում, նրանք բավականին ծեր են:Այսինքն գեղեցիկ մարմին ցուցադրելու համար չէ բնավ ստեղծված այս տեսարանը: Ապա անկողին մտնելով նրանք կողք կողքի պառկում են ու ձեռք ձեռքի բռնում, հետո քնում: Չեմ ուզում մեկնաբանել, բայց կարծում եմ հասկացաք` Բերգմանի միտքն ու երևույթը գեղագիտորեն ներկայացնելու վարպետությունը: Գրականության մեջ ևս շատ օրինակներ կարող ենք բերել այն բանի, որտեղ բացը իմաստ ունի, ասելիք է պարունակում և ամենակարևորը ինքնանպատակ չէ: Երկար կարող եմ խոսել այս թեմայի շուրջ, պարզապես հաղորդումից հետո նստվածք թողեց վրաս և նյարդայնացա, ոչ միայն "ազատություն"քարոզող, լպիրշությունը դարի արժեք ներկայացնող որոշ գրողների, այլև գրականագետի խոսքից:
Ամեն դեպքում լավ կլիներ, երբ այսօրվա մարդիկ հասկանային, որ խոսքը, բառը, իր մեջ էներգիա, իմաստ ունի, և առանց հասկանալու, հենց այնպես չարժի ասել ասելու համար, մերկանալ ու մերկացվել`միայն համբավ ձեռք բերելու համար....



