Սցենարիստ, դերասանուհի Դիանա Գրիգորյանը իր Ինստագրամի էջում նոր լուսանկար է հրապարակել երեխաների հետ՝ մակագրելով.
«Հունիսի մեկ՝ երեխաների պաշտպանության միջազգային օր… Իսկ ի՞նչ է պետք երեխային, որ ինքն իրեն պաշտպանված զգա։ Մի՞թե երեխայի պաշտպանությունը կարելի է ամփոփել միայն մեկ օրվա մեջ, մի՞թե նրանց միայն մեկ օր ինչ-որ տեղ տանելով, պաղպաղակ գնելով կամ անվճար ծաղրածուներով նրանց դեմքին ժպիտ հաղորդելով պիտի պաշտպանենք: Անշուշտ, երեխայի դեմքին գեթ մեկ վայրկյան ժպիտ հաղորդելու համար ողջունելի է յուրաքանչյուր արարք… և այո, կեցցեն նրանք, ովքեր բազմաթիվ բարեգործական միջոցառումներ են իրականացնում այդ օրվա հետ կապված, ովքեր փորձում են ավելին տալ մասնավորապես այն երեխաներին, ովքեր թիրախային դաշտում են: Բայց երևի կհամաձայնեք, որ թվարկածներս գուցե կարևոր են, բայց ոչ բավարար, որ երեխաները պետք է միշտ, բառիս ամենաուղիղ իմաստով, Միշտ պաշտպանված լինեն, իսկ նրանք պաշտպանված կլինեն, երբ մենք մեր հողում մեզ ապահով կզգանք, երբ մենք չենք մտածի երեխային այստեղից փախցնելու մասին, երբ երեխաները կվայելեն գեղեցիկ, ապահով և անհոգ մանկություն խաղաղ երկրում և նրանց մեջ մենք կսերմանենք Սեր դեպի Հայրենիք, առ այն Հայրենիք, որտեղ նրանք էլ մեծ հպարտությամբ իրենց զավակներին լույս աշխարհ կբերեն, այո, նրանք են մեր ապագան, բայց այդ ապագայի ճանապարհը մենք պիտի հարթենք ու պիտի հարթենք մեր հողում:
Հ.Գ. Եկեք բոլորս միասին մտածենք այստեղ ապագա կերտելու մասին, այլապես հարևանների դռները միշտ էլ բաց են... Իմ երկու Արև, միշտ շողշողացեք ինձ համար»: