Այն ժամանակ փարիսեցիները գնացին և խորհրդակցեցին, թե ինչպե՛ս կարողանան Հիսուսին իր խոսքերով ծուղակը գցել։ Նրանք Հիսուսի մոտ ուղարկեցին իրենց աշակերտներից ոմանց՝ Հերովդեսի կողմնակիցների հետ միասին։ Սրանք Հիսուսին ասացին.
- Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարտախոս ես և Աստծու կամքը ճշմարտությամբ ես ուսուցանում՝ առանց մտահոգվելու, թե ուրիշներն ի՛նչ կասեն, որովհետև աչառություն չես անում։ Ուրեմն ասա՛ մեզ, ի՞նչ ես կարծում, մեր Օրենքի համաձայն՝ կայսրին տուրք պե՞տք է տանք, թե՞ ոչ։
Հիսուսը հասկացավ նրանց չարամտությունը և ասաց.
- Կեղծավորնե՛ր, ինչո՞ւ եք փորձում ինձ։ Ցո՛ւյց տվեք ինձ տուրքի արծաթ դրամը։
Եվ նրանք բերեցին դրամը։ Ապա Հիսուսը հարցրեց.
- Սա ո՞ւմ պատկերն ու արձանագրությունն է։
Նրանք պատասխանեցին. - Կայսրի։
Այն ժամանակ Հիսուսն ասաց նրանց.
- Գնացե՛ք, ինչ որ կայսրին է պատկանում, կայսրի՛ն տվեք, և ինչ որ Աստծուն է պատկանում, Աստծո՛ւն տվեք։
Այս լսելով՝ զարմացան և թողեցին նրան ու գնացին։
Նույն օրը սադուկեցիներից ոմանք եկան Հիսուսի մոտ։ Սադուկեցիներն ասում էին, թե մեռելների հարություն չկա։ Նրանք Հիսուսին ասացին.
- Վարդապե՛տ, Մովսեսը մեզ հետևյալը սովորեցրեց. «Եթե մեկը մեռնի առանց զավակ ունենալու, նրա եղբայրը պետք է ամուսնանա նրա այրիացած կնոջ հետ, որպեսզի իր եղբորը զավակ տա»։ Արդ, մի ժամանակ մեզ մոտ յոթ եղբայրներ կային։ Առաջինն ամուսնացավ և ապա մեռավ առանց զավակ ունենալու, ուստի կնոջն իր եղբորը թողեց։ Նույնը պատահեց երկրորդի, երրորդի, մինչև յոթերորդի հետ։ Բոլորից հետո կինն էլ մեռավ։ Արդ, մեռելների հարության ժամանակ կինը այդ յոթից ո՞ւմ է պատկանելու, քանի որ բոլորն էլ ամուսնացան նրա հետ։
Հիսուսը պատասխանեց.
- Մոլորվածներ եք, որովհետև չեք հասկանում ո՛չ Սուրբ գրքերը և ո՛չ էլ Աստծու զորությունը։ Երբ մեռելները հարություն առնեն, այլևս չեն ամուսնանա, այլ կլինեն երկնքի հրեշտակների նման։ Իսկ հարության մասին չե՞ք կարդացել, թե Աստված ինչ է ասել ձեզ. «Ե՛ս եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»։ Նշանակում է՝ Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի։
Երբ ժողովուրդն այս լսեց, զարմացավ նրա ուսուցման վրա։
Իսկ փարիսեցիները երբ լսեցին, թե Հիսուսը պապանձեցրեց սադուկեցիներին, իրար մոտ եկան։ Նրանցից մեկը, Մովսիսական Օրենքի մի մասնագետ, Հիսուսին փորձելու համար հարցրեց.
- Վարդապե՛տ, Օրենքի մեջ ո՞րն է մեծագույն պատվիրանը։
Հիսուսը նրան ասաց.
- «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով»։ Սա է մեծագույն և կարևորագույն պատվիրանը: Երկրորդը սրա նման է. «Սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես»։ Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ Օրենքը և մարգարեների ուսուցումները։
(Մատթեոսի ավետարան 22:15-40)