Картинки по запросу հանրահավաք«Հեղափոխությունը ժողովրդի ակտիվ 2.5-3% հատվածի մոբիլիզացիայի միջոցով կառավարող համակարգի տապալումն է՝ արդարության հաստատման և նոր կառավարման ինստիտուտների ձևավորման նպատակով»

Միֆ 1. Հեղափոխության համար պետք է «ամբողջ ժողովուրդը» դուրս գա փողոց: Իրականում նման բան երբեք չի եղել: Բավական է 2-3%-ի մոբիլիզացիան ու ակտիվ գործողությունը հեղափոխություն սկսելու համար:

Միֆ 2. Հեղափոխությունները սկսվում են բացառապես արտաքին ուժերի կողմից: Նման բան չկա: Արտաքին ուժերը որեւէ փուլում սկսում են միջամտել այս կամ այն կողմից՝ իրենց շահերը առաջ տանելու համար: Որոշ դեպքերում այդ միջամտությունը կարող է լինել օգտակար, այլ դեպքերում՝ մահացու: Դա կախված է ներքին ուժերի սուբյեկտայնությունից, հստակ քաղաքական օրակարգի առկայությունից ու կամքից:

Միֆ 3. Բոլոր հեղափոխությունները բերում են քաղաքացիական պատերազմի կամ պետության քայքայման: Երբեմն բերում են, երբեմն՝ ոչ: Կախված հեղափոխականների կամային հատկանիշներից ու ստրատեգիական մտածողության մակարդակից: Երբեմն պետության քայքայման կամ նույնիսկ ազգի ֆիզիկական բնաջնջման է բերում հեղափոխության ուշանալը:

Միֆ 4. Բավական է հասնել հեղափոխության և պետությունը ակնթարթորեն կդառնա ծաղկող ու բոլոր խնդիրները կլուծվեն: Իրականում դեպքերի մեծամասնությունում հեղափոխությունը չի հաստատում արդարություն և չի կարողանում ստեղծել նոր կառավարման ինստիտուտներ: Հեղափոխությունը միայն սկիզբն է: Միայն հնարավորության ստեղծումը:

Միֆ 5. Հեղափոխություն կարելի է սկսել միայն, երբ ժողովրդի մեծամասնությունը հասել է գիտակցության բարձր մակարդակի, և կա հեղափոխության «պահանջարկ»: Սա բացարձակ աբսուրդ է, քանի որ առաջարկ-պահանջարկի ձևավորումից առաջ կա կարիքը: Սուր անարդարության զգացումը, որը համակել է ժողովրդի մի զգալի հատվածին, առավել քան բավարար է հաջող հեղափոխություն իրականացնելու համար: Հեղափոխության առաջնորդների հիմնական խնդիրն է այդ կարիքի բավարարման մեխանիզմներ գտնելը և դրա շուրջ առաջարկ ձեւավորելը ժողովրդի 2-3%-ի մոտ: Այնպիսի առաջարկ, որ նրանց կմղի մոբիլիզացիայի ու ակտիվ գործողության:

Միֆ 6. Հեղափոխությունը կարելի է մանրամասն պլանավորել և կանխատեսել: Սա նույնպես աբսուրդ է, քանի որ բոլոր նորմալ սոցիոլոգները, վերլուծաբանները և հենց հաջողված հեղափոխությունների հեղինակները խոստովանում են, որ մասսայական վարքագծերը կանխատեսելը անհնարին է: Երբ կան բավարար պայմաններ հեղափոխության համար՝ անարդարության համատարած զգացումը, քաղաքական ինստիտուտների սնանկությունը և ճահճացածությունը, ապա հեղափոխությունը կարող է պայթել ամեն վայրկյան կամ ուշանալ տասնամյակներով:

Միֆ 7. Եթե ժողովրդի մեջ պահանջը կա, ապա առանց առաջնորդների խմբի ու հստակ ձեւակերպված օրակարգի էլ հեղափոխությունը անպայման տեղի կունենա: Իրականում բոլորը խոստովանում են, որ հաջողության առնվազն 50%-ը կախված է առաջնորդող խմբի կամային հատկանիշներից, ղեկավարման հմտություններից և խարիզմայից: Վախկոտ, թուլակամ ու անվճռական առաջնորդներով հեղափոխությունը կա՛մ խափանվում է, կա՛մ վերածվում քաոսի ու արհավիրքի:

Միֆ 8. Խաղաղ քաղաքական հեղափոխությունը պատերազմ չէ և ենթարկվում է լրիվ այլ օրենքների: Իրականում խաղաղ հեղափոխություն չկա: Զենքի կիրառումը կամ դրանից խուսափելը տվյալ իրավիճակում զուտ տակտիկական քայլ է՝ ռիսկի ու արդյունքի սառը հաշվարկ: Լճացած, ավտորիտար, անարդար կառավարող համակարգին տապալելու միակ մոտեցումը «պատերազմի տրամաբանությունն է»՝ ռեսուրսների բաշխմամբ, պաշտպանության ու հարձակման տակտիկական մանյովրներով ու հակառակորդին արդյունավետ գործողությունների հնարավորությունից զրկելու նպատակներով, զինված կամ անզեն: Իսկ հաղթանակը հակառակորդին հոգեբանական պարտության մատնելն է ու կապիտուլյացիայի ենթարկելը:

Միֆ 9. Հայաստանի համար հեղափոխությունը կործանարար է: 2016թ. ապրիլը, հուլիսը, դրանից հետո կատարված պարգևատրումները, ընտրություններ կոչվող խեղկատակությունը և ընտրություններին մասնակցած իրենց քաղաքական ուժ անվանող ուժերի թուլակամությունը, վախկոտությունը և անմեղսունակության հասնող մակերեսայնությունը ապացուցեցին, որ Հայաստանի համար կործանարարը հեղափոխության ուշացումն է:

Միֆ 10. Փոփոխության ռեսուրս չկա կամ ուժն է ծնում իրավունք: Իրականում նման անարդարության պայմաններում ռեսուրսը լիուլի բավարար է, իսկ ուժը ոչ թե ծնում է իրավունք, այլ լրիվ հակառակը՝ ուժը ծնվում է հստակ ձեւակերպված, գիտակցված ու արժևորված իրավունքի գիտակցումից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել