«Չնայած պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումն այս տարի զգալիորեն բարելավվել է, այնուհանդերձ հարկային և մաքսային մարմինների գործող կառուցվածքն այլևս չի բավարարում պետեկամուտների կոմիտեի ղեկավարությանը: Վերջինիս կարծիքով՝ այն չի համապատասխանում այսօրվա պահանջներին և պետք է վերանայվի: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ առաջիկայում այստեղ սպասվում են լուրջ վերադասավորումներ: Առաջարկած կառուցվածքային փոփոխությունների հետևանքով կլուծարվեն հարկային և մաքսային բազմաթիվ տարածքային մարմիններ: Կառույցին հրաժեշտ կտա մի քանի հարյուր աշխատող: Խոսքը մասնավորապես 483 հաստիքի կրճատման մասին է, ինչը նշանակում է, որ, պետեկամուտների կոմիտեի ղեկավարության գնահատումներով, համակարգը ուռճացված է և պետք է օպտիմալացվի:
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը պետական կառավարման ոլորտի ամենաբազմամարդ կառույցներից է: Ներկայումս այնտեղ աշխատում է ավելի քան 3 հազար մարդ: Չնայած վերջին տարիներին կոմիտեի ինչպես կառուցվածքը, այնպես էլ աշխատակազմը հետևողականորեն կրճատվել է, այնուհանդերձ այն շարունակում է մեծաքանակ լինել:
Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ հաստիքների կրճատման շնորհիվ կտնտեսվեն բավականաչափ մեծ գումարներ: Սակայն, որքան էլ կարող է տարօրինակ լինել, օպտիմալացումը ոչ միայն չի հանգեցնի տնտեսման, այլև զգալիորեն կավելանան համակարգի ծախսերը: Ընդ որում՝ խոսքը պատկառելի գումարի մասին է: Ընթացիկ տարվա ութ ամիսների համար, ֆինանսների նախարարության հաշվարկներով, անհրաժեշտ կլինի լրացուցիչ 1,5 մլրդ դրամ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: