«Սա մեր պատմության ու անցած ճանապարհի մասին նախագիծ է, որը ոչ այնքան հայ հանդիսատեսի, որքան օտարերկրացիների համար է»,- այսպես է մեկնաբանում «Ամեն» երաժշտական դրամատիկ շոու-ներկայացման մեսիջը նախագծի կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանը:

«Այն ամենը, ինչն արվում է ի պատիվ մեր ազգի, արվեստի, երկրի PR-ն է աշխարհում: Այսօրվա դրությամբ մենք չունենք մի աշխատանք, որը դրսի համար արված լինի: Սա նախագիծ է, որը չունի սահմաններ: Ներգրավել ենք արտասահմանցի արտիստների, որպեսզի այն դառնա այնպիսի ստեղծագործություն, որը կհետաքրքրի նաև արտասահմանցի հանդիսատեսին: Հայաստանից ևս մասնագետներ են ներգրավված»,- նշեց Արաքսյա Մուշեղյանը:


 
«Ամեն» շոուն էպիկական դրամա է հայ ժողովրդի պատմական ճամփորդության մասին՝ նրա ծագման ու հավատքի, մշակութային կողմնորոշիչների և արժեքների մասին: Հիմնական նպատակն է ցույց տալ, որ, չնայած կորուստներին ու փորձություններին, մարդիկ շարունակում են սիրել, ստեղծագործել և վայելել կյանքը: «AMEN Project» ընկերության բացառիկ միջազգային նախագիծը պահպանում է հայկական երաժշտության ավանդույթները և ներկայացնում դրանք ժամանակակից բեմական շոուի ձևաչափով, որտեղ բնօրինակ երաժշտական լիբրետոն ու ավանդական բալետը համակցված են ժամանակակից լուսա-երաժշտական բեմական տեխնոլոգիաների հետ։ Նախագիծը նվիրված է հայ ժողովրդի պատմությանը, նրա մնայուն արժեքներին և քաղաքակրթության պատմության մեջ նրա բացառիկ դերին։

«Կարծում եմ՝ որպեսզի մեր պատմությունը ավելի ընկալելի դառնա դրսի հանդիսատեսի համար, մենք պետք է հենց նմանատիպ նախագծերով ներկայանանք: Մեծ հույս ունենք, որ իսկապես այն սպասելիքները, որոնք մենք կապում ենք նախագծի հետ, կիրականանան և ի սրտե արված այս հսկայական աշխատանքը արժանի կերպով կգնահատվի: Սա իսկապես աննախադեպ նախագիծ է թե՛ ժանրային, թե՛ թեմատիկ առումով, և չկա նմանօրինակ մեկ այլ նախագիծ, որպեսզի համեմատության համար ասեմ՝ սա այս կամ այն նախագծի նման մի բան է: Այն առաջինն է լինելու իր տեսակի մեջ, ու համոզված եմ՝ նաև միակը»,- ասում է Արաքսյա Մուշեղյանը:


 Նախագծի ստեղծագործական աշխատանքները սկսվել են երեք տարի առաջ, ու չնայած այն պնդմանը, որ նմանատիպ նախագծերի ստեղծման համար 3-5 տարի է պահանջվում, նախագծի հեղինակներն ու կազմակերպիչները ամեն ինչ արել են, որ 3 տարվա մեջ նախագիծը կայանա: Եվ ահա արդյունքը՝  երեք տարի անց արդեն նշանակված է պրեմիերայի օրը:

«Բարդ նախագիծ է, բեմադրված  շոու, որը դիտելու բացառիկ հնարավորությունը առաջինը կունենա Հայաստանի հանդիսատեսը, թեև  բեմադրությունն արված է հատուկ իտալական Վերոնա քաղաքի հայտնի Arena di Verona-ի բեմահարթակի համար և իտալերեն է»,- նշում է նախագծի երաժշտական պրոդյուսերը:  

 

Հիշեցնենք, որ նախագծի պրեմիերան Երևանում կկայանա հունիսի 23-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում: Սկիզբը՝ ժամը 19-00-ին։ Իսկ արդեն օգոստոսին «Ամեն» շոու-ներկայացումը կցուցադրվի Իտալիայի Վերոնա քաղաքում՝ հայտնի Arena di Verona-ում, որը տեղավորում է 15 հազար հանդիսատես: Այնուհետեւ ներկայացումը կցուցադրվի աշխարհի խոշորագույն քաղաքների (Լոնդոն, Փարիզ, Նյու Յորք և այլն) բեմահարթակներում:  

 Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել