Armradio.am-ը գրում է.

Սիրուշոյին հանդիպեցինք Մարզահամերգային համալիրի ետնաբեմում` Ձախ Հարութի մենահամերգի ժամանակ: Երգչուհին րոպեր առաջ  էր ավարտել ելույթը` Հարութի հետ  կատարելով «Տարիներ» երգը: Հարցազրույցը  սկսեցինք  հենց այդ նոտայից`թե ինչպես որոշեց երգել Հարութի հետ, որքանո՞վ են նրա երգերը հոգեհարազատ իրեն: Արդյո՞ք նրա երգերի ներքո Սիրուշոն սիրահարվել է:

— (Ժպտում է-խմբ.) Այդ ժամանակ,  երբ շատ ակտիվ հնչում էին իր երգերը, ես 5-6 տարեկան էի: Ու հիմա, երբ ամեն անգամ նրա երգերը լսում եմ հիշում եմ մանկությունս: Իսկ նրա հետ երգելով նույն բեմում ամբողջովին այլ զգացողություններ եմ ունենում: Սիրահարվելու առումով էլ ասեմ հնարավոր է, ինչու ոչ:

-Գիտեմ պատահական է ստացվել համագործակցությունը: Հնարավոր է՞ առաջիկայում նոր երգերով հանդես գաք:

-Այդպիսի  ծրագրեր առայժմ չկան: Ուրախ եմ, որ «Տարիներ» երգի նորովի կատարումը սիրվեց: Դժվար է անդրադառնալ մի երգի, որը սիրվել է ժողովրդի կողմից, քանի որ այն շատ պարտավորեցնող է: Ես այս երգի գործիքավորման յուրաքանչյուր նոտայի մասնակից եմ եղել  ու զգում էի, որ  պետք է  ներկայացնեմ հնարավորինս լավ կերպով: Ուրախ եմ, որ երգը շարունակում է իր ուղին ու դառնում մարդկանց կյանքի երգ:

-Այս համերգի համար էի՞ք եկել Երևան:

-Որտեղի՞ց, (զարմանում է-խմբ.): Ես Հայաստանում եմ բնակվել ու բնակվում: Ի դեպ ասեմ ամենաակտիվ շրջանում, որ քննարկվում էր, թե ես ԱՄՆ –ում եմ բնակվում, ավելի քան երկու տարի ես ԱՄՆ-ի տարածք, ոտք չէի դրել:

— Աշխարհի տարբեր բեմահարթակներում եք եղել, թե համերգային ու մենահամերգային ծրագրերով: Սակայն Հայաստանում այդպես էլ մենահամերգ չեք ունեցել: Ինչո՞ւ

-ՀՀ-ում համերգ ունենալը շատ պարտավորեցնող է ու շատ ավելի ժամանակ է պետք: Կամ որևէ երկրում եմ համերգների, կամ ձայնագրությունների մեջ եմ, բայց հուսով եմ, որ այդ օրը մոտ է, քանի որ ինքս շատ եմ ուզում մենահամերգ ունենալ:

-Երբ դուք նոր էիք ասպարեզ մտնում, այդ տարիների հայկական  էստրադան բոլորովին այլ հարթության վրա էր գտնվում: Հիմա  կարող ենք լսել երգեր, որը բացարձակ  կապ չունի էստրադայի հետ: Ձեզ արդյո՞ք  չի մտահոգում կամ զայրացնում ստեղծված իրավիճակը:

-Այս  թեմայի մասին  ավելի ծավալուն կարող ենք խոսել, բայց չեմ կարող ասել, որ ինձ դուր է գալիս այն երաժշտությունը, որն այսօր հնչում է: Ես  պարզապես իմ երգերով  եմ  փորձում դրա դեմ պայքարել: Ի դեպ  լավ  կատարողներ ու տաղանդավոր երիտասարդներ ունենք, բայց այն, ինչ հնչում է այսօր` դա  այն չէ: Չեմ ուզում ոչ մեկի մեղադրել, թե ի՞նչու այսպես եղավ, ինչո՞ւ են նման երգեր հիմա հնչում, որ լսելու ցանկություն չի լինում, բայց հուսով եմ, որ դա կփոխվի մոտակա տարիներին: Մեր հանդիսատեսը շատ խելացի է, ու պետք չէ թերագնահատել հանդիսատեսի ճաշակը.

-Կարծում ե՞ք, որ այսօր հայ հանդիստեսը մնացել է նույն պահանջկոտը, քան տարիներ առաջ էր:

-Հայ  հանդիսատեսը վերջին շրջանում մի քիչ մոլորորության մեջ է, և պահանջկոտ  է, պահանջում է շատ որակյալը, բայց միևնույն ժամանակ տարածում ու լսում է այն, ինչ չի կարելի  որակյալ համարել: Այդ մոլորությունը չգիտեմ որտեղից է գալիս, բայց փոխադարձ է: Արտիստները դուրս են գալիս ժողովրդից, ուրիշ մոլորակից չեն հայտնվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել