Պատմության և, ընդհանրապես, քաղաքական իրադարձությունների ֆոնին հաճախ տեսադաշտից դուրս են մնում մարդիկ, ովքեր իրականում ավելի անմիջական և առանցքային դերակատարություն են ունեցել տվյալ շրջափուլում: Խոսեմ պատմությանը հայտնի մի քանի դահիճների մասին:
Գեներալ Վասիլի Միխայլովիչ Բլոխինը ԽՍՀՄ ՆԳՆ-ում մոտ 30 տարի ղեկավարել-կազմակերպել է գնդակահարությունները: Հետաքրքիր է, որ նա աշխատել է ինչպես Յագոդայի և Եժովի, այնպես էլ Բերիայի ղեկավարության տակ, մինչդեռ բոլորին հայտնի է, որ նրանք հակառակորդներ էին և ամեն մեկը աշխատում էր իր թիմով: Բլոխինը համարվում էր «ամենաարդյունավետ» դահիճներից մեկը: Նա անձամբ է գնդակահարել խարհրդային իշխանության շատ պետական ու քաղաքական գործիչների, որոնք 1930-ական թվականներին մեղադրվեցին պետական դավաճանության մեջ: Դրանցից էին զորավարներ Տուխաչևսկին, Յակիրը, պետական, հասարակական և մշակույթային գործիչներ` Ուբորևիչը, Սմիլգան, Լևոն Կարախանը, Կվիրինգը, Չուբարը, Կոսարևը, Կոսիորը, Ֆրինովսկին, Միխայիլ Կոլցովը, Բաբելը, Մեյերխոլդը և ուրիշներ: Բլոխինն է ղեկավարել գերևարված լեհական սպաների զանգվածային գնդակահարությունը Տվերի մոտ, 1940 թվականին: Կարելի է ենթադրել, որ հենց դրա համար նա ստացավ իր առաջին «Մարտական Կարմիր դրոշի» շքանշանը նույն թվականին: Առողջական խնդիրների պատճառով 1953 թ. ազատվեց աշխատանքից: 1954 թ. զրկվեց գեներալ-մայորի կոչումից «ներքին օրգաններում աշխատելու ժամանակ չեկիստին անվայել վարքագծի համար»: 1955-ին Բլոխինը մահացավ սրտի կաթվածից թվականին, չգնահատված և արհամարված: Վարկած կա, թե նա ինքնասպան է եղել:
Ծագումով լատիշ Պյոտր Իվանովիչ Մագգոն նույնպես ներկայացնում է 30-ականների խորհրդային էպոխան. այս չեկիստ, դահիճը, 1917-ից բոլշևիկ էր, եղել է Չեկայի ներքին բանտի պետ, իսկ 1931-ից կամավոր դարձել է հատուկ հանձնարարությունների կատարող: Ի կատար է ածել գնդակահարման դատավճիռները: Խորհրդային նշանավոր գրող, հրապարակախոս Բորիս Սոպելնյակի փաստարկներով Մագգոն անձամբ գնդակահարել է մոտ տաս հազար մարդու: Մահացել է 1941 թվականին ալկոհոլի չարաշահումից:
Անտոնինա Մակարովնա Մակարովա` մականունը «Տոնկա գնդացրորդ»: 1941 թվականին, լինելով սանիտարուհի, ընկնում է շրջապատման մեջ և հայտնվում ֆաշիստների կողմից օկուպացված տարածքում` Բրյանսկի մարզում: Այստեղ ծառայության է անցնում ֆաշիստների մոտ և իրականացնում է մահվան դատավճիռները: Մահապատիժներն ի կատար է ածում հատուկ այդ նպատակի համար իրեն հանձնված «Մաքսիմ» գնդացրով: Մակարովայի ձեռքով գնդակահարվել է 1500-ից ավելի մարդ:
Նշված դահիճների շարքում կառանձնացնեմ, այդ «ոլորտի» նույն ժամանակաշրջանի հայաստանյան ներկայացուցչին` Խաչիկ Մուղդուսուն: Մուղդուսին ՆԳԺԿ ղեկավար էր, երբ 1936 թ. սպանվեց Աղասի Խանջյանը: ՀԽՍՀ-ում Խանջյանի ինքնասպանության պաշտոնական հայտարարությանը չհավատացողներից 800 մարդ ձերբակալվեց Մուղդուսու ջանքերով: Խանջյանի սպանությանը հաջորդեցին հայ մտավորականների, հատկապես գրողների փոխադարձ քաղաքական մերկացումները, մեղադրանքները, իսկ օգոստոսի վերջին՝ ձերբակալությունները: Նրանց մեծ մասին աքսորեցին, մի մասին գնդակահարեցին: Մուղդուսին մասնավոր հետևողական էր հատկապես ձերբակալված Եղիշե Չարենցի և Ակսել Բակունցի հարցում: Նրա ստորագրությամբ է 1935 թ. նոյեմբերի 25-ին ձերբակալվել տարիներ շարունակ թուրքական ճակատում կռված, Սարդարապատի ճակատամարտի հերոս Մովսես Սիլիկյանը: 1937-ի օգոստոսի 21-ին Սահակ Տեր-Գաբրիելյանի վերջին հարցաքննությունը նույնպես վարում էր դահճապետը: Օրը բավականին շոգ էր և քննիչներից մեկը բացեում է պատուհանը, մի քանի վայրկյան անց, Տեր-Գաբրիելյանը դուրս է նետվում պատուհանից և տեղում մահանում: 1937 թ. նոյեմբերի 26-ին, ՀՍՍՌ ՆԳԺԿ եռյակը գեներալին դատապարտել է մահապատժի, որն ի կատար է ածվել նոյեմբերի 22-ին:
Հ.գ. Մուղդուսին ձերբակալվեց հենց այն ժամանակ, երբ Բերիան Միկոյանի և Մալենկովի հետ եկել են Հայաստան՝ կուսակցական և պետական աշխատողների մաքրում, փաստացի՝ ռեպրեսիա իրականացնելու: