Շահե՞լ է համաշխարհային ֆուտբոլը, թե՞ ոչ: Հարց է, որին փորձում են պատասխանել բոլորը՝ մասնագետից մինչև շարքային երկրպագու: Իսկ ինչի՞ց շահի համաշխարհային ֆուտբոլը, եթե լավագույնին ընտրելիս չկա այլընտրանք ընդամենը երկու ֆուտբոլիստներին: Ժամանակին այնքան ուժեղ ֆուտբոլիստներ կային, որ ընտրություն կատարելը չափազանց բարդ էր: Հենց դա կարելի էր ֆուտբոլ համարել: Եկող սերնդի համար, ցավոք, գոյություն ունեն և առայժմ ունենալու են միայն երկու ֆուտբոլիստ՝ Ռոնալդու և Մեսսի: Սա նույնն է, որ տարիներ շարունակ Հայաստանում իշխանության ղեկին տեսնում ենք ընդամենը մեկ կուսակցության... Հետաքրքրությունն ու նորը անհետանում են: Համաձայն եմ, որ բոլորս էլ կարող ենք ֆուտբոլային տեսանկյունից մեզ բախտավոր համարել, որ տեսնում ենք Մեսսիի և Ռոնալդուի խաղը: Սակայն վստահ եմ, որ կրկնակի բախտավոր է մեր սերունդը, որը տեսել է նաև ֆուտբոլային այլ հսկաների խաղը: Հիմա եթե հարցնենք պատանի և երիտասարդ ցանկացած ֆուտբոլասերի, խնդրենք նրանց, որպեսզի նշեն ուժեղագույն 10 ֆուտբոլիստների անուններ, ապա ֆուտբոլասերը դա կանի մեծ դժվարությամբ: Մեր դեպքում այլ էր, քանի որ կարելի էր օրերով թվարկել այն ֆուտբոլիստների անունները, ովքեր տոն էին տալիս համաշխարհային ֆուտբոլում: Ո՞վ կարող է մոռանալ, օրինակ, Յապ Ստամին կամ Ալեսսանդրո Նեստային, կամ Պատրիկ Կլյուվերտին, կամ Գեորգե Հաջիին, կամ Դենիս Բերգկամպին, կամ Ալան Շիրերին... Համաձայնեք, որ ինքներդ կարող եք շարունակել այս շարքը և դա անել ամիսներով: Սա էր ֆուտբոլը: Ներկայիս ֆուտբոլը անհամեմատ զիջում է: Մեծ ցանկություն ունեմ, որ կրկին գան ժամանակներ, երբ լավագույնին ընտրելը նույնքան դժվար կլինի, ինչպես եղել է տարիներ առաջ: Այդ ժամանակ կարելի է հանգիստ խղճով արձանագրել, որ մենք ֆուտբոլ ենք նայում... Զիդան, Ֆիգու, Դել Պիեռո, Բեքհեմ, Ռաուլ, Ռոմարիո, Ռոնալդինյո, Ստոիչկով, Կանտոնա, Պֆաֆ ու այսպես շարունակ, ականջներդ կանչի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: