ՀՀ գլխավոր դատախազի 2013 թվականի մարտի 27-ի հրամաններով դատախազության համակարգում կատարվել են մի քանի նոր նշանակումներ։
Այսպես՝ Արմավիրի մարզի դատախազ է նշանակվել Սամվել Սինանյանը՝ ազատվելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի պաշտոնից։
Վերջինիս փոխարեն նշված վարչական շրջանի դատախազ է նշանակվել Հովսեփ Սարգսյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից։ Իսկ վարչության պետի տեղակալ է նշանակվել Արտակ Հարությունյանը՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից։
Ինչպես տեղեկացնում են դատախազությունից, ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազ է նշանակվել Հարություն Սարգսյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնից։ Իսկ նշված վարչական շրջանների նախկին դատախազ Վարդան Բարսեղյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի տեղակալ։