Աշխատանքն է ծնում իրավունք տնօրինելու թե՛ փողը և թե՛ մնացած բոլոր կարողությունները:
Համենայն դեպս, աշխատող և ձգտող մարդը կամ կառույցը միշտ էլ գտնում է համապատասխան միջոցներ ազգանվեր և բարեբեր աշխատանքներ իրականացնելու համար:
Հիշեցնեմ ձեզ, որ Հանրապետականն ընդամենը 1.5 տոկոս կշիռ ունեցող կուսակցություն էր, երբ Դեմիրճյանի հովանավորությամբ և միջոցով եկավ իշխանության, այսինքն՝ խաղալով ժողովրդի նոստալգիկ զգացմունքների հետ խաբեց վերջինիս:
Եթե «աշխատանքը», ըստ ՀՀԿ-ական երիտասարդների, ընտրակեղծիքների կատարելագործման, շանտաժի ու վախի մթնոլորտ ստեղծելն ու այդ միջոցներով իշխանությունը ձեռքում պահելն է, ապա այդ հարցում ես ձեզ հետ միանգամայն համամիտ չեմ:
Իսկ ինչ վերաբերում է «ազգին նվիրվածության շնորհիվ հասնել ավելի մեծ բարձունքների» արտահայտությանը, ապա ես ձեզ պետք է հիասթափեցնեմ.նվիրյալը երբեք չի թալանում նվիրառուին, իսկ ՀՀԿ-ն ու նրա անդամները ոչնչով ետ չեն մնում մյուս թալանչիներից, նույնիսկ որոշ տեղերում այդ գործում մենաշնորհային դիրքեր ունեն: Ես թալան եմ համարում հատկապես հարկերը վճարելուց խուսափելը: Ահա հանրապետական մի գործարարի նշանաբանը. «Եթե հաշվապահդ կանոնավոր կերպով վճարում է հարկերը, ապա թող իր աշխատավարձն ստանա հարկային տեսչությունից»…
Ժողովրդի փողերով «Բազեական» ճամբարներ կազմակերպելը, այդ ճամբարներում ուսանողության միջավայրից ոչ պատահականորեն ընտրված ամենագաղափարազուրկ տարրերին երիտասարդական շարժումները քարուքանդ անել սովորեցնելը, այդ երիտասարդների միջոցով ուսանողության համախմբվելուն և քաղաքական պայքարից մեկուսացնելն ու այդ ամենը երիտասարդական կազմակերպված ուժ համարելը իսկապես «մեծ» նվաճում է, որի հետ չեն կարող հավասարվել մյուս կուսակցությունների երիտասարդական թևերը:
Լավ կլիներ, եթե Հանրապետականն առհասարակ հրաժարվեր Մեծագույն Հայի ու Մարդու, մեր ժամանակի Հայկ Նահապետի, այսինքն՝ Գարեգին Նժդեհի գաղափարախոսությունից, քանզի Նժդեհի ուսմունքը որևէ կապ չունի ոչ հանրապետականի գործելակերպի, ոչ նրա ծրագրերի և գաղափարների հետ:
Հ.Գ. Խորհուրդ կտամ՝ հարգելի երիտասարդները կուսակցություն մտնելուց առաջ գոնե ծանոթ լինեն կուսակցության գաղափարախոսության հետ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/387203818054488
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել