Սոցցանցերի որոշ օգտատերեր այդպես էլ չեն հասկանում, որ Ֆեյսբուքը նույնպիսի հանրային տարածք է, ինչպես, ասենք, փողոցը, բակը, հրապարակը, որտեղ չի կարելի աղմկել, զազրախոսել, առավել ևս՝ հայհոյել: Նայում ես՝ նկար է դրել. մեղմ ասած՝ տիկին է, երեխան էլ գրկին, կարդում ես՝ ինչ բերանը եկել է, գրել է՝ անեծքից մինչև սեռական բնույթի հայհոյանքներ: Նույն կերպ են իրենց պահում բազմաթիվ իբր պարոններ, տղեկներ ու աղջնակներ, իբր մեր հանրության խնդիրներով մտահոգներ: «Իբր» եմ ասում, որովհետև այս «մտահոգները» անգամ ամենատարրականը չեն հասկանու, որ իրենց հայհոյանքները իրենց երեխանե՛րն են կարդում, թոռնե՛րը, իրենց կանայք ու ամուսինները, սիրած աղջիկներն ու սիրած տղաները: Պարզունակ ուղեղներին հասու չէ, որ հայհոյանքը, եթե չի էլ բարձրաձայնվում, այլ գրվում է, չի դադարում հայհոյանք լինելուց, չեն հասկանում, որ հրապարակային հայհոյանքը հպարտանալու բան չէ, ամո՜թ է, ավելին՝ հակահասարակական արարք է: Իսկ ամենաապշելուն այն է, որ այս մարդիկ, իրենց համոզմամբ, պայքարում են հանուն արդարության ու օրենքի գերիշխանություն: Երբվանի՞ց օրենքի գերիշխանություն դարձան հրապարակային հայհոյանքն ու բացահայտ անհարգալից վերաբերմունքը հանրության հանդեպ… Կարծում եմ՝ ինտերնետային տիրույթի հետագա աղտոտումը ոչ միայն անթույլատրելի է, այլև վտանգավոր է դառնում, և ամեն ոք պիտի պատասխանատվություն կրի իր խոսքի ու գրի համար: Իսկ դա հնարավոր է միայն այս՝ վաղուց հասունացած խնդիրը իրավական դաշտ տեղափոխելով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1645599158801299
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել