Լուսապայծառ մի առավոտ էր՝ Երևանի սովորական առավոտներից մեկը: Մեղմիկ զեփյուռը շոյում էր սյուներին ու տուֆակերտ պատերին քաոսային կերպով սոսնձված «Մեկ Ազգի» թղթիկները, որոնք, իրենց հերթին, մեղմիկ զգուշացնում էին հեռու մնալ փիրուզագույն մարդկանցից ու բաց պորտերից: Ոստիկանության պարեկի ինքնաշարջի բարձրախոսը մեղմ հայհոյում էր կառավարական ինքնաշարժերի շարասյան դիմացից մեղմ սողացող տրաքքած մոսկվիչի՝ անխնամ թրաշով վարորդին: Ալեն-Էլենի երկրորդ հարկի ցելոֆանածածկ պատուհաններից տարածվում էին վառելահոտն ու պարսիկների մեղմ ոռնոցները: Բակում գտնվող գողտրիկ սրճարանում մարզպետունիներից մեկը բռունցքի մեղմիկ հարվածներով կին էր թակում, իսկ մեղմիկ զեփյուռը նրա մեղմիկ հայհոյանքներից որոշ պատառիկներ էր հասցնում կողքից անտարբեր քայլող անցորդների ականջներին: Կուսակցությունների՝ գործից ուշացած ֆեյսբուքաբոտերը մեղմիկ վազում էին չինական բոսորագույն ավտոբուսի ետևից, փորձելով նրանում առկա վայֆայի մեղմիկ ալիքները որսալ ու, մինչև գործի հասնելը, հասցնել մի քանի մեղմիկ ստատուս գրել քաղաքական հակառակորդների էջերին: Ետևից ընթացող մարշրուտկաների տերերը մեղմիկ տրորում էին ֆեյսբուքաբոտերին ու մեղմիկ փախչում դեպքի վայրից: Նրանց ետևից, ֆոտոապարատը մեղմիկ չխկացնելով, վազում էր Գագիկ Շամշյանը և նույն վայֆայի ալիքների օգնությամբ նկարները ֆեյսբուք գցում:
Առավոտ էր, Երևանի լուսապայծառ ու սովորական առավոտներից մեկը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ovanitas/posts/329597937102532
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել