Image result for նավթԱդրբեջանի նավթային քաղաքականության մասին խոսելով՝ չենք կարող չանդրադառնալ Նավթային պետական հիմնադրամի (SOFAZ) գործունեությանը: Հիմնադրամի եկամուտների գոյացմանն անդրադառնալով՝ նկատենք, որ, բացի շահութային նավթի չափաբաժնից, դրանք գոյանում են նաև ածխաջրածինների Արդյունքի բաշխման hամաձայնագրերում պետական SOCAR ընկերության մասնաբաժնի դիվիդենդներից, հիմնադրամի սեփական միջոցների կառավարումից գոյացած եկամուտներից, տարանցման, հողօգտագործման և բոնուսային վճարներից ու այլ աղբյուրներից:

Համաձայն հիմնադրամի 2010թ. տարեկան հաշվետվության՝ այդ տարի եկամուտը կազմել էր $16.3 մլրդ, որից $15.8 մլրդ-ը (96.7%) գոյացել էր փոխանցվելիք ածխաջրածինների (նավթ և գազ) շահութային վաճառքի չափաբաժնի իրացումից, մոտ $198 մլն-ը` Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղի կոնսորցիումի դիվիդենդներից (1.21%), մոտ $195 մլն-ը` հիմնադրամի սեփական միջոցների կառավարումից գոյացած եկամուտներից (1.19%) և $131 մլն-ը` Շահ Դենիզ նավթադաշտի առաջին փուլի եկամուտների ճշգրտումից (0.81%): Համաձայն հիմնադրամի 2010թ. հաշվետվության՝ $16.3 մլրդ ընդհանուր եկամտի 51.2%-ն առանձնացվել էր Պահուստային հիմնադրամի համար, որն այդ տարի կազմել էր $22.8 մլրդ: 2010թ. հիմնադրամի հիմնական միջոցները կազմել էին $22.767 մլրդ:

SOFAZ-ի եկամուտները, ըստ հաստատված կանոնակարգի, բացի Պահուստային հիմնադրամին արվող հատկացումներից, օգտագործվում են պետբյուջե փոխանցումների, ենթակառուցվածքային և սոցիալական բնույթի մի շարք ծրագրերի ֆինանսավորման, ինչպես նաև արտերկրում ադրբեջանցի ուսանողների ուսումը վճարելու համար:

Մինչ Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթադաշտի «հիմնական նավթի» փուլի մեկնարկը SOFAZ-ի ընդհանուր եկամուտները չէին գերազանցում 0.5-1.0 մլրդ մանաթը:

Անցած 10 տարիների ընթացքում (2007-17թթ.) SOFAZ-ի գումարային եկամուտները կազմել են մոտ 74.3 մլրդ մանաթ ($94.5 մլրդ), գումարային ծախսերը` 48.4 մլրդ մանաթ: Այլ խոսքով՝ անցած 10 տարիների ընթացքում հիմնադրամի զուտ եկամուտները կազմել են մոտ 21.9 մլրդ մանաթ: Հատկանշական է, որ սկսած 2011-ից՝ նկատելի է հիմնադրամի զուտ շահույթի նվազում: Ի դեպ՝ նշենք, որ SOFAZ-ի բյուջեների այս տարեմիջյան վերանայումները բյուջեի առանձնահատկություններից մեկն են: Դրանց համար հիմք են ծառայում Ալիևի հատուկ հրամանագրերը:

Հիմնադրամի բյուջեի ծախսային հատվածի առյուծի բաժինը կազմում են Ադրբեջանի պետբյուջե կատարվող ներարկումները (մասհանումները): 2007-ին դրանք կազմել էին մոտ կես մլրդ մանաթ կամ այդ տարվա ընդհանուր մասհանումների մոտ 50%-ը: 2009-ին դրանք կազմել էին մոտ 4.9 մլրդ մանաթ կամ այդ տարվա ընդհանուր մասհանումների արդեն մոտ 92%-ը: Իսկ 2011-ին այս ցուցանիշը կազմեց 94%:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել