Հասարակության յուրաքանչյուր անդամ կամա թե ակամա իր կյանքի ընթացքում օգտվել է հասարակական տրանսպորտից: Բայց կան մարդիկ, որ ամեն օր երթևեկում են երթուղայիններ (մարշրուտկա ) կոչված տրանսպորտային միջոցով: Մի կողմ թողնելով նրանց սանիտարահիգիենիկ վիճակը, վարորդների ծխելու և քաղաքացիներին կոպիտ պատասխանելու դեպքերը, հնչող և պարտադրվող անճաշակ երաժշտությունները` ցանկանում եմ անդրադարնալ մի խնդրի: Առավոտյան մի երթուղայինից իջնելիս դուռը կամաց փակեցի (ի դեպ, դռան վրա կար «դուռը կամաց փակիր» ցուցանակը), որին հաջորդեց վարորդի բղավոցը, որ դուռը ուժեղ փակեմ, քանի որ անսարք է ու լավ չի փակվում: Տուն վերադառնալիս էլ իջա երթուղայինից և ակամայից հիշելով նախորդ վարորդի հոխորտանքը` դուռը փակեցի ուժեղ, որին հաջորդեց այս երթուղայինի վարորդի բղավոցը, որ դուռը կամաց փակեմ, հո վայրենի չեմ: Հիմա երթուղային նստելիս ինչի՞ց և ինչպե՞ս պետք է քաղաքացին հասկանա, թե տվյալ փոխադրամիջոցի դուռը ուժե՞ղ փակի, թե՞ կամաց, թե՞ ընդհանրապես չփակի` վարորդների «հարուստ» բառապաշարից խուսափելու համար: Ինչու՞ երթուղիներ սպասարկող փողատերերը չեն մտածում իրենց տրանսպորտային փոխադրամիջոցների անսարքությունները վերացնելու և բարեկիրթ սպասարկում կազմակերպելու մասին: Ամենաճիշտը կլիներ դիմել սեփական ոտքերի օգնությանը և տեղաշարժվել ոտքով, բայց ախր մեր քաղաքը մեծ է, իսկ մենք էլ, ինչպես միշտ, շտապում ենք: