Առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար հետախուզվում են Ռոլանդ Գալուստովը (1978 թ.), Ռոբերտ Գալստյանը (1994 թ.), Արթուր Նազարյանը (1989 թ.) Դերենիկ Սիմոնյանը (1989 թ.)։

 Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և հետախուզվողների մասին տեղեկություն ունեցողներին խնդրում դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 011 56 12 32, 011 56 48 21 կամ 1-02 հեռախոսահամարներով: 
 Ոստիկանությունից հիշեցնում են, որ մայիսի 3-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Արտաշատ քաղաքից Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին, անհայտ անձինք «Լադա Պրիորա» ավտոմեքենայով փակել են Նորաշենի համայնքապետարանի վարորդ Կարեն Ղազարյանի վարած «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի ճանապարհը և կրակահերթ արձակել նրա և ուղևորի՝ Նորաշենի համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի ուղղությամբ: 
 Կարեն Ղազարյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կրակողները դեպքի վայրից դիմել են փախուստի: 
 Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ հանցագործությունը բացահայտվել է և միջազգային հետախուզում է հայտարարվել 1978 թ. ծնված Ռոլանդ Գալուստովի, 1994 թ. ծնված Ռոբերտ Գալստյանի, 1989 թ. ծնված Արթուր Նազարյանի և 1989 թ. ծնված Դերենիկ Սիմոնյանի նկատմամբ: 
 Դեպքի հանգամանքները ճշտվում են: Միջոցառումներ են ձեռնարկվում հիշյալ անձանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել