Երեկ Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմի տոնակատարության շրջանակներում շքերթի ժամանակ բախումներ են տեղի ունեցել հայ և ադրբեջանցի մասնակիցների միջև։ Ռուսաստանում հայկական համայնքի ներկայացուցիչները պարզել են Լեռնային Ղարաբաղի դրոշը, որից, բնականաբար, գազազել են ադրբեջանցիները ու սկսել վանկարկել «հեռացրեք փալասը»։ Սա էլ իր հերթին դուր չի եկել հայերին, ու կողմերի միջև սկսվել է ծեծկռտուք, որտեղ ադրբեջանցիները մարմնական վնասվածքներ են կրել, այնուհետև ռուսական հատուկջոկատային խմբերի միջամտությամբ կոնֆլիկտը հարթվել է։ Սակայն սրա մասին չէ, որ ուզում ենք խոսել։ Այսպիսի շքերթների ժամանակ, առհասարակ, ծածանվում են բազմաթիվ դրոշներ, նույն թվում նաև՝ չճանաչված այլ պետությունների՝ Աբխազիայի, Օսեթիայի, Լուգանսկի Ինքնավար Հանրապետության, Դոնեցկի Ինքնավար Հանրապետության և այլն։ Այսինքն՝ ինչ է ստացվում. ռուսական ոստիկանական ամբողջ համակարգը պիտի, բան ու գործ թողած, առավոտից իրիկուն ընկներ ու դրոշ վառեր՝ «սեպարատիստ հանգստացնե՞ր»։ Սա ծիծաղելի կլիներ, ընդ որում, երբ ադրբեջանցիները կոնկրետ այս դեպքի առթիվ դիմել են իրավապահ մարմիններին՝ պահանջելով հեռացնել Ադրբեջանի իբր օկուպացված տարածքների դրոշը հեռացնելու պատճառաբանությամբ, սակայն իրավապահները նրանց պատասխանել են, որ օրինազանց ոչինչ տեղի չի ունեցել, ինչից հետո էլ սկիզբ է առել սկանդալը։ Այն, որ ազգամիջյան այսպիսի բախումներն արդեն սովորական բան են դարձել հայերի ու ադրբեջանցիների մեջ, արդեն բոլորս գիտենք։ Սակայն զարմանալի է Ռուսաստանում որոշ «վայ հայրենասերների» արձագանքները, որոնք կողմերին իբր հանդարտության ու խաղաղության կոչեր են անում՝ փորձելով երևալ Հռոմի պապից ավելի կաթոլիկ։ Այսինքն՝ դուք գտնվում եք Ռուսաստանում ու պարտավոր եք ենթարկվել այդ երկրի կանոններին։ Սա, մեղմ ասած, ծիծաղելի է ու ավելի քստմնելի բան չկա, մանավանդ այն դեպքում, երբ հարձակվող կողմը, սովորության համաձայն, եղել է ադրբեջանական կողմը։ Այսինքն՝ ի՞նչ էր մնում անել՝ ըստ վերջիններիս. ասել՝ եկեք, մեզ խփե՞ք, դրոշ գցեք գետնին ու վառե՞ք։ Այս կերպ են պատկերացնում նրանք խաղաղությունը։ Կրկնում ենք, սա այն դեպքում, երբ թե՛ ռուսական իշխանությունները, թե՛ իրավապահ մարմինները որևէ արձագանք չեն տվել տվյալ դեպքին: