Մեր օրերում ավելորդ քաշն անհանգստացնում է շատ- շատերի: Այն առաջացնում է բարդույթներ, մարդիկ սկսում են հոգեպես ընկճվել, չեն կարողանում կրել այն հագուստը, որը կնախընտրեին, եթե չունենային ավելորդ քաշ, սկսում են ետ կանգնել իրենց երազանքներից, տանջվել և մի օր որոշում են նիհարել: Բոլորը գտնում են խնդրի միայն մեկ լուծում՝ ԴԻԵՏԱ, սկսում են օրերով տանջել իրենց օրգանիզմը, չեն ուտում վեցից հետո, սովամահ են լինում, սակայն մի քանի օր անց ավելորդ քաշը ետ է վերադառնում, այն էլ կրկնակի: Հաջորդ քայլը օրերով սոված մնալն է կամ դեղահաբերը: Սակայն երբ մի քանի օրում չի ստացվում ազատվել 10-20 կամ ավել կգ-ներից, ինչը իհարկե ծիծաղելի է, մարդիկ սկսում են ուտել ավելի անկուշտ, ինչը բնականաբար պահանջում է օրգանիզմը և ետ վերցնում այն մի քանի օրերի պակասը: Դիետա բառը ինքնըստինքյան ախորժակ է առաջացնում, քանի որ թվում է, թե չի կարելի ուտել ոչինչ, որն էլ ընդունում են բառացի, սկսում են խմել միայն ջուր, լավագույն դեպքում կեֆիր, կամ եփում են գրեչկա և ստիպում իրենք իրենց ուտել այն մի քանի օր շարունակ: Այդ ամենից հետո մարդիկ հոգնում են, հանձնվում են, կարծում են, որ նիհարելն անհնար է, սակայն չեն գիտակցում, որ իրենք են իրենց համար ստեղծում տանջանքներ, տանում իրենց փակուղիներ, վնասում են առողջությունը և հետո ուտում են այն, ինչ պատահում է ձեռքի տակ, ուտում են ագահաբար, կարծես փորձում են իրենք իրենց պատժել: Ես ինքս անցել եմ այդ տանջալից ուղով՝ դիետաներ, սով և կրկնակի քաշի վերադարձ: Սակայն նիհարելու ցանկությունն իմ մեջ այնքան մեծ էր, որ գտա ելք: Նիհարել հնարավոր է, հնարավոր է նիհարել առանց դիետաների, առանց սովի, հնարավոր է նիհարել առանց վնասելու առողջությունը, անգամ ձեռք բերել առողջություն, պարզապես պետք է ծանոթանալ ճիշտ սնվելու կանոններին և փոխել մոտեցումը սննդի հանդեպ: Ինտերնետում մի փնտրեք դիետաներ, պարզապես սնվեք ճիշտ և եղեք առողջ: Իսկ որպեսզի հավատաք, որ նիհարելը հնարավոր է, կարող եմ ասել, որ ես ինքս ազատվել եմ 40 կգ ավելորդ քաշից, անգամ առանց վնաս հասցնելու առողջությանս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել