130 տարի առաջ հուլիսի 29-ին ծնվեց իտալական ֆաշիզմի հիմնադիր, բռնապետ Բենիտո Մուսոլինին: Նրա ծնողները կրոնի վերաբերյալ հակասական կարծիքներ ունեին, այդ պատճառով էլ Մուսոլինին, ի տարբերություն իտալացիների մեծամասնության, այդպես էլ չմկրտվեց: Սակայն դա չխանգարեց նրան լուծել հռոմեական հարցը և կարգավորել հարաբերությունները եկեղեցու և կառավարության միջև:

4 տարեկանում փոքրիկ Մուսոլինին սովորեց կարդալ, իսկ 5 տարեկանում՝ ջութակ նվագել:

Դեռ դպրոցական տարիներին Բենիտոն աշխատում էր հանրային փոքրիկ ելույթներ ունենալ, սիրում էր ամբոխի ուշադրությունն ու ծափահարությունները: Նա իրեն բանախոսի դերում փորձում էր արդեն 18 տարեկանից սկսած՝ ելույթ ունենալով ոչ մեծ հանդիսատեսի առջև:

1903 թ. Մուսոլինին շվեյցարական ոստիկանության կողմից ձերբակալվել է զորակոչից խուսափելու համար: Սակայն արդեն 1904 թ. նոյեմբերին համաներման հետևանքով (որի օրը համընկնում էր Ումբերտո արքայազնի ծննդյան օրվան) նրան արտաքսեցին Իտալիա, և Բենիտոն որպես կամավոր ներգրավվեց իտալական բանակում:

Մուսոլինին ուշ-ուշ էր լվացվում: Նրա վզկապը միշտ կեղտոտ էր, կոշիկների քուղերը՝ քանդված, մազերը՝ երկար և չսանրած:

Նա նյարդային էր, դյուրագրգիռ, հաճախ էր հայհոյում, հիշաչար էր, միշտ վատ էր հագնվում, տանել չէր կարողանում ֆիզիկական աշխատանքը և իրեն ինտելեկտուալ էր պատկերացնում:

22 տարեկանում նա պարբերաբար հարբում էր, և շատ հաճախ, երբ նրա ընկերները գնում էին քնելու, Բենիտոն շարունակում էր միայնակ թափառել մութ փողոցներում՝ ինչ-որ բաներ գոռալով, շատրվանների առջև ճառեր կարդալով:

Առաջին կնոջ ծնողներից նրանց դստեր ձեռքը շատ հետաքրքիր կերպով է խնդրել. 3 անհաջող փորձից հետո նա հանել է ատրճանակն ու ասել. «4 փամփուշտ: 3-ը՝ ձեզ համար, 1-ն՝ ինձ»: Ծնողները նույն վայրկյանին տվել են համաձայնությունը:

Մուսոլինին մի անգամ խրամատ է ընկել, որտեղ 7 իտալացի զինվորներ էին նստած: Նրանցից ողջ մնաց միայն Բենիտոն: Այդ ժամանակ նա արդեն մեկուկես ամիս դիրքերում էր, իսկ մնացած ողջ ժամանակը անցկացրել է հիվանդանոցում, այնպես որ նրա դիրքային հերոսությունների մասին լեգենդները միֆեր են և չեն համապատասխանում իրականությանը: Մուսոլինին պատրաստվում էր Գերմանիայի դեմ պատերազմի, և կարծում էր, որ իր դաշնակիցները կդառնան Ֆրանսիան և Անգլիան: Ամեն ինչ հակառակ ընթացավ:

 

Մուսոլինիի անձնական կյանքը

Առաջին անգամ Մուսոլինինն ամուսնացել է Իդա Դալզերի հետ 1914 թ. Տրենտոյում: Մեկ տարի անց զույգը որդի ունեցավ՝ Բենիտո Ալբինո Մուսոլինին: 1915 թ. դեկտեմբերին Մուսոլինին ամուսնացավ Ռաքել Գուիդիի հետ, ով 1910 թ. ի վեր նրա սիրուհին էր: Իշխանության գալուց հետո առաջին ամուսնության վերաբերյալ բոլոր տեղեկությունները թաքցվեցին, իսկ նախկին կինն ու որդին սկսվեցին հալածվել: Ռաքելից Մուսոլինին երկու դուստր ունեցավ՝ Էդդան և Աննա-Մարիան, և երեք որդի՝ Վիտորիոն, Բրունոն և Ռոմանոն:

Մուսոլինին շատ սիրուհիներ է ունեցել, որոնցից էին Մարգարիտա Ցարֆատին և նրա վերջին կողակիցը՝ Կլարա Պետաչին:

Բացի այդ՝ Մուսոլինին անթիվ-անհամար կարճ սիրային կապեր է ունեցել կանանց հետ, ինչպես տեղեկացնում է նրա կենսագիր Նիկոլաս Ֆարելը: Երրորդ որդին՝ Բրունոն, մահացել է ինքնաթիռային վթարի ժամանակ՝ 1941 թ. օգոստոսի 7-ին, երբ P108 օդանավի վրա հարձակում իրականացվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել