Անցած շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն աչքի ընկավ լրագրողական համայնքի միանգամից երկու կարկառուն ներկայացուցիչների՝ Սաթիկ Սեյրանյանի ու Աննա Իսրայելյանի հետ բավականին սուր առճակատումներով։ Հարցն ավելի է հետաքրքրացնում այն փաստը, որ Փաշինյանն ինքը նախկին լրագրող է, ու առավել քան տարօրինակ է ագրեսիայով գերհագեցած վարք տեսնել նրա կողմից։
Մի կողմից Նիկոլն ու յուր կողմնակիցները կարող են որպես վահան օգտագործել այն փաստը, որ մեր լրատվական դաշտը կաղում է երկու ոտքից, երբ բանը հասնում է լրագրողական պրոֆեսիոնալիզմին ու պոֆէթիկային։ Նամանավանդ ստորին օղակի լրագրողները՝ իրենց մեծամասնության մեջ, կիսագրագետ բուլվարային մակարդակի աշխատանք են ցուցաբերում, ու ճիշտ է Փաշինյանը, երբ ասում է, որ թեման չուսումնասիրելով, փաստերի հավաստիությունը ճշտելով հարցեր կրակել չի կարելի՝ հանուն հնչեղ վերնագրերի։
Սակայն Փաշինյանը նաև սխալ է, որովհետև նա շարքային քաղաքացի չէ, այլ քաղաքական գործիչ։ Այն էլ՝ ընդդիմության առաջնորդ լինելու նկրտումներ ունեցող գործիչ է, իսկ դա նշանակում է, որ նա առնվազն պետք է հավասարակշռված վարք դրսևորի նույնիսկ ամենատհաճ ու ոչ ցանկալի հարցերի պարագայում։ Եթե հարկ եղավ, ապա պետք է նաև նույն հարցին 15 անգամ պատասխանի, որովհետև դա էլ քաղաքական գործչի խաչն է։ Սակայն դա անելու փոխարեն Փաշինյանը սկսում է չանա-չանա լեզվակռիվ տալ, իսկ եթե վեճը ձգձգվում է, արդեն անցնում է ավելի տարօրինակ ու քաղաքական գործչին ոչ հարիր վարքային դրսևորումների՝ արգելում է, մեղադրում է, վիրավորում է։ Իսկ սա արդեն ոչ միայն քաղաքական գործչին հարիր վարք չէ, այլ լայն իմաստով՝ տղամարդուն ոչ հարիր է։ Նամանավանդ, երբ դիմացինդ լրագրող է։ Նամանավանդ, երբ դիմացիդ լրագրողը կին է։
Այս ամենը Փաշինյանին պատիվ չի բերում ու, որ ավելի ռիսկային է վերջինիս համար, լուրջ խնդիրներ է ստեղծում նրա քաղաքական հեռանկարների համար։ Ի վերջո, լրագրողական համայնքը՝ իր բոլոր թերություններով հանդերձ, այնուամենայնիվ, հանրային կարծիք է ձևավորում, ու հեչ շահեկան չէ Նիկոլի համար, որ այդ համայնքը թշնամանա իր հետ։