«Դարան մտած» Տեր-Պետրոսյանը կարծես թե շատ երկար մնաց իր «դղյակում»: Չնայած դուրս գա՝ ի՞նչ անի: Այս կառույցն այլևս ասելիք էլ չունի, իսկ եթե ասելիք չունեն, չեն կարող միտինգ անել: Դե, եթե միտինգ էլ չեն կարողանում անել, պարապ են մնում ու սկսում են յուրայիններով իրար ուտել:
Որեւէ լուրջ բան ՀԱԿ-ից էլ չպետք է սպասել: Չնայած ոչ էլ, անկեղծ լինենք, մարդկանց մտագոհում է հարցը, թե որտեղ կհայտնվի ՀԱԿ-ը: Այն արդեն հայտնվել է իրեն արժանի տեղում, կառույցը ճանապարհ է ընկել «քաղաքական աղբանոց»: Կարևորը 7 հոգի ստացան այդքան երազած մանդատները, իսկ թե խորհրդարան անցնելու նպատակով անցողիկ շեմ ապահովելու համար անհրաժեշտ 15 000 քվե նվեր ստանալու համար ՀԱԿ-ը հատկապես ում պետք է պարտական լինի, դրա մասին` հաջորդ դասին...
Տեր-Պետրոսյանը վերջին 5 տարիների ընթացքում իրեն ճիշտ և ճիշտ արմատական ընդդիմության առաջնորդի պես պահեց` ՀԱԿ-ը գժտվեց գրեթե բոլոր կուսակցությունների հետ «ով մեզ հետ չէ, ուրեմն ազգի դավաճան ա» կարգախոսի շրջանակներում, Կոնգրեսը հասցրեց երկխոսել իշխանության հետ, իսկ նրա առաջնորդն էլ համագործակցության առաջարկ արեց «ռեժիմի հիմնասյուներից եւ «մարտի 1-ի» գլխավոր մեղավորներից» մեկին` ԲՀԿ-ին: Նույն Տեր-Պետրոսյանն մեկ տարուց ավելի աղերսում էր ԲՀԿ-ին, որ վերջինս իրեն օգտագործի որպես գործիք:
Ի՞նչ է մնում անել Տեր-Պետրոսյանին: «Քաղաքական գերեզման» (այն էլ առանց տապանաքարի) գնալուց առաջ ՀԱԿ-ը մասնակցի Երևանի ընտրություններին, ու դրանով փոքր-ինչ երկարաձգվում է «Հայ ազգային կատակերգության» (ականջդ կանչի Ռուբեն Թովմասյան) գոյությունը, թե դարան մտած մանուլի (սա հազվագյուտ փափկամորթ կատվազգի է) պես սպասողական վիճակով ձգում են մինչեւ վերջ, որ տեսնեն, թե ում են կցվում, ենթադրելի է` ԲՀԿ-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել