2017թ. մայիսի 2-ին և լույս 3-ի գիշերը Արցախի սահմանին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 640 կրակոց:
Ավելի քիչ կրակոցներ հրաձգային զենքերից եղել են նաև Տավուշի հատվածում: Որևէ տեսակի կորուստներ չեն եղել:
Հայկական բանակի ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Շատ է խոսվում և քննարկվում ղարաբաղյան ճակատում Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին, սակայն ոչ պակաս կարևոր է նրանց «ակտիվությունը» Տավուշի մարզի ուղղությամբ։
Ադրբեջանը ՀՀ-ԼՂՀ դեմ գործողություններում Տավուշը կրակի տակ պահելու մի շարք «պատճառներ» ունի։
Ադրբեջանի զինված ուժերը, կրակելով սահմանամերձ գոտում գտնվող գյուղերի ուղղությամբ, ցանկանում են ստիպել տեղի սահմանապահ բնակչությանը արտագաղթել. սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, ինչի մասին Ադրբեջանը շատ լավ տեղյակ է, գումարել նաև վախի մթնոլորտ ստեղծելու ռազմավարությունը՝ կրակելով նաև դպրոցների, մանկապարտեզների վրա, ստիպել բնակչությանը կրակի տակ գտնվող գյուղից դեպի այլ ապահով` Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան քաղաքներ (ներքին միգրացիա) տեղափոխվել կամ ընդհանրապես արտագաղթեցնելը ՀՀ-ից։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղերում հիմնականում մնացել են ծերերը (երիտասարդների թիվը սակավաթիվ է), նրանք պետք է կա՛մ զբաղվեն գյուղատնտեսությամբ` օգնելով ծերերին կամ դառնալ պայմանագրային, ինչը «կտրելու» է նրանց հիմնական զբաղմունքից` տնտեսական գործունեությունից, ու առաջնագծում գտնվելը դառնա տեղի բնակչության հիմնական զբաղմունքը`անմշակ թողնելով դաշտերը, կրակի տակ պահելով գյուղերը «վանել» ցանկացած ներդրողի այդ գյուղում` հակառակորդի ուղիղ նշանառության տակ որևէ աշխատատեղ բացելու ցանկությունից։
Բացի այդ՝ անընդհատ լարվածության տակ պահել Տավուշի մարզի բոլոր սահմանային զորամասերը, առաջնագիծը, 3-րդ բանակայինին թույլ չտալ օգնության հասնել Ղարաբաղին` մարտական գործողությունների վերսկսման դեպքում, ապրիլի կրկնություն, այդ միավորումները մնալու են դիրքերում` պահելու համար կրակի տակ գտնվող Տավուշի դիրքերը։ Զորքերի տեղափոխությունը թույլ չտալու համար անկանոն կրակ բացել դիրքերի ուղղությամբ` պատասխան կրակի դեպքում, կրակն ուղղել բնակելի տների, սոցիալական` դպրոցներ և այլն, օբյեկտների ուղղությամբ։
Չմոռանանք, որ Տավուշի մարզն ունի կարևոր, կամրջող դերակատարում` Հայաստան-Վրաստան ճանապարհների առումով։
Ադրբեջանը ցանկանում է Տավուշով անցնող միջպետական` ՀՀ-Վրաստան ճանապարհը, նրա որոշակի հատվածներ, դարձնել դժվար անցանելի ու վտանգավոր`Ոսկեպար և այլ հատվածները պահելով կրակի տակ ստիպել կառուցել պաշտպանական պատեր և շրջանցող ճանապարհներ` երկարացնելով ճանապարհը, լրացուցիչ միջոցներ ուղղել տալով բյուջեից այդ ճանապարհների շինարարության և հետագայում պահպանման ուղղությամբ։ Խախտել կոմունիկացիաները` վտանգելով մեքենաների տեղաշարժը, ինչն էլ կարող է ազդել զբոսաշրջության` ՀՀ-Վրաստան, հատկապես Թիֆլիս մեկնողների համար, հոսքի վրա։
Տավուշի մարզի հարևանությամբ է գտնվում Ադրբեջանի Գյանջա-Ղազախական տնտեսական շրջանը, որտեղով անցնում են ռազմավարական նշանակության նավթամուղեր, գազամուղեր, երկաթգիծ և միջպետական ավտոմայրուղիներ դեպի Վրաստան, Թուրքիա և Սև ծով։ Այդ շրջանի պաշտպանությունն Ադրբեջանի համար ունի կենսական նշանակություն և այդ շրջանի կորուստը նրանց համար «կփակի» ճանապարհը դեպի Վրաստան, Թուրքիա, ինչն էլ էականորեն ազդելու է ապագա պատերազմի ելքի վրա։ Այդ պատճառով Տավուշի ուղղությամբ Ադրբեջանը պահելու է զգալի զինված ուժեր ու շարունակելու է իր սադրիչ գործողությունները։
Նույն ռազմավարությունն Ադրբեջանը հետագայում կարող է կիրառել նաև Նախիջևանից կրակի տակ պահելով ողջ Սյունիքը` Իրան-Հայաստան մայրուղին, Վայոց Ձորը և այլն։