Artak Ghulyan

ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԻՄ ՎԱՂԵՄԻ ՄՏԵՐԻՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է, ԲԱՅՑ ԱՅՆ, ԻՆՉ ՆԱ ԱՍՈՒՄ Է ԻՐ ՏԵՍԱԲԼՈԳԻ ՎԵՐՋԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՄԵՋ՝ ԿԱՊՎԱԾ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՀԵՏ, ՍՏԻՊՈՒՄ Է ԻՆՁ ԱՅՍՕՐ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ (տեսանյութը դիտելուց հետո) ՉԼՌԵԼ, ՈՐՊԵՍ ԱՅԴ ԱՄԵՆԻ ԱԿԱՆԱՏԵՍ ՈՒ ՄԱՍՆԱԿԻՑ: 
Այսպես... Սամվելը ինքնավստահ տոնով, որպես անվերապահ իրողություն, պատմում է, թե իբր Ուշիի Ս.Սարգիս եկեղեցու վերականգնման ժամանակ «տակնուվրա արված ու քանդված խորանի և բեմի» մասում Արմեն Հաղնազարյանն պատահաբար գտել է Սուրբ Սարգսի մասունքները, միաժամանակ նշելով, որ եկեղեցին միանավ բազիլիկ է և ավանդատուն չունի...  
Սկսեմ վերջից և ասեմ միանգամից. եկեղեցին մեկ բարձրադիր ավանդատուն ունի խորանի հյուսիսային կողմում, և հենց այդտեղ էլ գտնվել են մասունքները, սակայն ոչ թե 2006թ.` Արմեն Հախնազարյանի կողմից, այլ` 1998-99թթ.` հնագետներ Ֆրինա Բաբայանի և Արամ Քալանթարյանի կողմից: Ուշիի Ս.Սարգիս վանքի պեղումները կատարվել են 1998-2001թթ.: Հնագիտական արշավախմբի ղեկավարը հնագետ Ֆրինա Բաբայանն էր, մասնակիցը` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, այժմ հանգուցյալ Արամ Քալանթարյանը, ճարտարապետը` առաջի երկու տարում` Գրիգոր Ղաֆադարյանը, ապա` ձեր խոնարհ ծառան: Պեղումների հովանավորը ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, նույնպես այժմ հանգուցյալ Շահե արքեպիսկոպոս Աճեմյանն էր: Կրկնեմ. Սբ Սարգսի մասունք-ոսկորները հայտնաբերվել են 1998-99թթ., կիսագետնափոր ավանդատան փոքր տարածքում` մինչև իմ` 2000թ. արշավախմբին միանալը: Այդ մասին ինձ հետագայում, համատեղ ամենօրյա աշխատանքի ժամանակ, բազմիցս պատմել է Ֆրինա Բաբայանը, և այս մասին կարող են վկայել Ուշի գյուղի բազմաթիվ բնակիչներ, ովքեր մասնակցել են պեղումներին: ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՇԱՀԵ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԽՈՐԱՆԸ ԱՄԵՆԱՅՆ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ ՈՒ ԽՆԱՄՔՈՎ ՊԵՂՎԵԼ ՈՒ ՄԱՔՐՎԵԼ Է, ուստի առնվազն անհիմն է խոսել «տակնուվրա արված ու քանդված խորանի և բեմի» մասին, առավել ևս անհնար էր այնտեղ պատահաբար ինչ-որ բան գտնել: Ինչպես տեսաք, հանգուցյալ Արմեն Հախնազարյանը ոչ մի առնչություն չի ունեցել ոչ պեղումների, ոչ էլ մասունքների հետ` արշավախմբի աշխատանքի ողջ ընթացքում, ավելին` նա պեղումների ընթացքում երբևէ Ուշիի հնավայրում չի եղել (ամեն օր եղել եմ այնտեղ` վաղ առավոտից մինչև մութն ընկնելը) և շատ ուշ է սկսել հետաքրքրվել Ուշիով, Սբ. Սարգիս եկեղեցու վերականգնման կապակցությամբ: Այս առիթով նա զանգահարել է ինձ (հավանաբար հենց 2006թ.) և խնդրել իրեն տրամադրել հուշարձանի` Գր.Ղաֆադարյանի չափագրություններն ու դրա հիման վրա իմ կատարած վերականգնման էսքիզային նախագիծը, ինչը և արել եմ` նախապես ստանալով ճարտ. Գր.Ղաֆադարյանի համաձայնությունը և գնահատելով գործի կարևորությունը: Եթե պարզ դեպքերի իրական վիճակը ներկայացվում է այսպես գլխիվայր` վաստակաշատ Արմեն Հախնազարյանին հետմահու վերագրելով այն, ինչը նա երբեք չի արել, ուրեմն Սամվել Կարապետյանի հուշերի և դիտարկումների անկողմնակալության մասին դատեք ինքներդ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել