Լսեցի Թոմ Վեյթսի “Poor Edward” երգը, որը շատ տխուր էր և, ցավոք սրտի, հիմնված էր իրական պատմության վրա: 19-րդ դարում Անգլիայում ապրել է Էդվարդ Մորդրեյք անունով մի ազնվական անձնավորություն: Էդուարդը ֆենոմենալ և հայտնի էր նրանով, որ ծոծրակին ուներ երկրորդ դեմք: Դեմքը չէր խոսում, միայն կարողանում էր ծիծաղել ու լաց լինել: Էդուարդը խնդրում էր բժիշկներին վիրահատել իրեն ու ազատել “պահեստային” դեմքից: Նա պնդում էր, որ գիշերները դեմքը ահավոր և հրեշավոր բաներ էր շշնջում: Ոչ մի բժիշկ հանձն չի առնում վիրահատել Էդվարդին: Ճարահատվելով վերջինս 23 տարեկան հասակում ինքնասպանություն է գործում՝ չդիմանալով մղձավանջներին: Հաճախ անձը, սոցիալական խումբը և հասարակությունը ունենում են իրենց մեջ "բաներ", որենցից ուզում են հրաժարվել, բայց իրականում չեն կարող առանց դրանց գոյություն ունենալ: Ընդդիմությունը չի կարող լինել առանց իշխանության, քանի որ վերջինիս գոյությունն է ստեղծում իր անհրաժեշտությունը, իշխանությունների բացակայության դեպքում վերածվելու իր կողմից ատելի վարչախմբի, բայց այս անգամ այլոց համար: Նույնիսկ խաշը առանց սխտորի դադարում է լինել իսկական խաշ: Մարդիկ փորձում են մոռանալ իրենց կյանքի որոշ "ցավոտ" հատվածներ, բայց իրականում ցավը հենց իրենց ենթագիտակցության և գիտակցության մի մասն է և այն "կտրելուց ու նետելուց" հետո դադարելու են լինել նույնը, երբեմն նույնիսկ դադարելու են մնալ մարդ: